Աբու Դաբիում բանակցություններին ընդառաջ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները մասնավոր զրույցներում պատրաստակամություն են հայտնել «որոշակի ճկունություն» ցուցաբերելու տարածքների հնարավոր փոխանակման հարցում, թեև հրապարակավ կողմերն անզիջում դիրքորոշումներ են որդեգրել։ Այս մասին Reuters-ին հայտնել է ամերիկացի մի պաշտոնյա, որն ԱՄԷ-ում Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկից առաջ ճեպազրույց է անցկացրել լրագրողների համար։ Պաշտոնապես Կիևը ձգտում է վերականգնել նախապատերազմյան սահմանները, իսկ Կրեմլը պահանջում է ամբողջ Դոնբասը։ Սակայն, պաշտոնյայի խոսքով, ոչ հրապարակային քննարկումներում կողմերը փոխզիջման պատրաստակամություն են ցուցաբերել։
Նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում պետք է կայանան փետրվարից ի վեր առաջին բանակցությունները ԱՄՆ–Ուկրաինա–Ռուսաստան ձևաչափով՝ ուղղված պատերազմի դադարեցմանը։ Reuters-ի զրուցակցի խոսքով՝ քննարկումների գլխավոր թեման լինելու են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի նմանությամբ երկրի պաշտպանության հարցը։
Պաշտոնյան նշել է, որ տարածքների վերաբերյալ համաձայնության կողմերը կկարողանան հասնել միայն բանակցությունների վերջում՝ մյուս հարցերը, այդ թվում՝ հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը համաձայնեցնելուց հետո։ Financial Times-ը (FT) ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի՝ դեռ չգրավված հատվածի հանձնումը պահանջել է միայն որպես հրադադարի նախապայման։
Թերթի աղբյուրներից մեկի խոսքով՝ Պուտինը, որը մտադիր է թուլացնել Ուկրաինան և Եվրոպան, ակնկալում է հետագա տարածքային զիջումներն ստանալ վերջնական համաձայնագրի շրջանակում։ Այդ համաձայնագիրը ՆԱՏՕ-ի հետ պայմանավորվածություններ է նախատեսում անվտանգության երաշխիքների շուրջ։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ Ռուսաստանի նախագահը նաև նպատակ ունի ուժեղացնել ուկրաինական քաղաքների և ենթակառուցվածքների ռմբակոծությունները՝ բանակցություններում առավելությունը վերականգնելու համար։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը, սակայն պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի սահմանները կարող են փոխվել։ «Կարծում եմ՝ մենք սա ավարտին կհասցնենք, կարծում եմ՝ դա տեղի կունենա, և արդյունքում Ուկրաինան փոքր-ինչ այլ ուրվագիծ կունենա»,— ասել է նա։





























