Կամբոջայի Կանդալ նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով BELTEI միջազգային դպրոցի հինգ աշակերտ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Նախնական տվյալներով՝ ծնողների վարձակալած ավտոմեքենան, որը տեղափոխում էր 26 աշակերտի, շրջվել և ընկել է լճակը։ BELTEI Group-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լի Բունչհայը հաստատել է, որ պատահարի պահին տրանսպորտային միջոցում 26 դպրոցական է եղել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը կտրուկ շրջադարձ է կատարել՝ փորձելով խուսափել մոտոցիկլետի հետ բախումից, ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել և ընկել է լճակը։

Տեղի բնակիչներն ու իշխանությունների ներկայացուցիչները շտապել են երեխաներին օգնության հասնել։ Հինգ դպրոցական զոհվել է՝ արգելափակված մնալով ավտոմեքենայի ներսում։ Եվս երկուսը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս աշակերտները չեն տուժել։

Վթարից հետո իրավապահները ձերբակալել են վարորդին։