Ռուսաստանը «հայելային» միջոցներ կձեռնարկի արևմտյան երկրների կողմից ռուսական ստվերային նավատորմի տանկերների կալանավորման դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Եվրոպային մեղադրելով «ծովահենության» մեջ։

«Եվրամիությունը, վերածվելով ռազմական դաշինքի (և ակնհայտորեն տառապելով մեծամտության մոլուցքով), հիշել է ստրկատիրության ու ծովահենության ժամանակները և ձեռնամուխ եղել օտարերկրյա նավերի բացահայտ գրավմանն ու դրանց բեռների հափշտակմանը», — գրել է Լավրովը «Կոմերսանտի» համար իր հոդվածում։ Նա պնդում է, որ այդ նպատակով եվրոպական երկրները «հորինել են միջազգային իրավունքում գոյություն չունեցող «ստվերային նավատորմ» եզրույթը», ինչպես նաև նավթի գնի վերին շեմը, որը սահմանափակում է եվրոպական ընկերությունների աշխատանքը ռուսական նավատորմի հետ։

«Շուկաները տենդի մեջ են նման աշխարհաքաղաքական անօրինականությունից», — հայտարարել է նախարարը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է նավագնացության ազատություն ապահովի «ամենուր, բոլոր երկրների համար և բոլոր ծովային շրջաններում»։ «Անհրաժեշտ է հասկանալ, որ ուժի, առավել ևս՝ թուլացող ուժի դիրքերից գործողությունները, ճնշման, շանտաժի ու թելադրանքի քաղաքականությունը դատապարտված են և արժանանալու են հայելային ու անհամաչափ հակազդեցության», — ասվում է հոդվածում։

Արևմտյան երկրները ռուսական նավթ տեղափոխող նավերի կալանավորումն ակտիվացրել են 2026 թվականի սկզբին։ Այդ գործողություններին միացել են Ֆրանսիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան և այլ պետություններ։ Ստվերային նավատորմի նավերը կալանավորվում են ինչպես Բալթիկ և Միջերկրական ծովերում, այնպես էլ Հնդկական օվկիանոսում։

Մեկ ամիս առաջ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Մադագասկարից արևելք գտնվող Ռեյունիոն կղզու մերձակայքում կալանավորել էին պատժամիջոցների տակ գտնվող DF Peak ստվերային տանկերը, որը նավարկում էր կեղծ դրոշի ներքո և մասնակցում վառելիքի ապօրինի փոխադրմանը։ Նախկինում «Սովկոմֆլոտին» պատկանող և «Կալինինգրադ» անունը կրող տանկերը դարձել է առնվազն վեցերորդ նավը, որը Ֆրանսիան կանգնեցրել է վերջին մեկ տարվա ընթացքում։

Հոկտեմբերին ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի ղեկավար Վլադիսլավ Մասլեննիկովը Ռուսաստանի հետ կապված նավերի կալանավորումն անվանել էր «ծովային ռեկետ» և հայտարարել, որ Մոսկվան, ի պատասխան նման գործողությունների, պատրաստում է «համապատասխան միջոցներ», որոնք կարող են նաև «անհամաչափ բնույթ» կրել։