Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Բաբաջանյան և Րաֆֆի փողոցների խաչմերուկի մերձակայքում գտնվող հատվածի մայթն ի սկզբանե այնպես է կառուցվել, որ երկուսը չեն կարող իրար կողքով անցնել։ Դրա մասին հայտնեց NEWS.am-ի խմբագրություն դիմած՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակչուհին։

Հիշեցնենք, որ ճանապարհի շինարարությունը սկսվել է շատ տարիներ առաջ և դեռ չի ավարտվել։ Մայթը մասամբ է կառուցված, իսկ տեղ-տեղ ընդհանրապես բացակայում է։

Ալվարդ ներկայացած զրուցակցի պատմելով՝ հարակից շենքերի բնակիչները ստիպված են օգտվել մայթից, սակայն բազմաթիվ անհարմարությունների պատճառով փորձում են խուսափել դրանից։ Մայթը նեղ է, տեղ-տեղ՝ այնքան, որ երկուսը չեն կարող իրար կողքով անցնել, իսկ մի հատվածում մայթի մեջտեղում սյուն է ցցված, այնպես որ գեր մարդու, մանկասայլակով մայրերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար այն շրջանցելը մեծ դժվարություն է։ Բացի դրանից, ճանապարհը շատ զառիթափ է, իսկ ձմռանն ընդհանրապես անանցանելի է դառնում։

Բայց սա էլ դեռ ամենը չէ. նույնիսկ այսպիսի մայթ ամեն տեղ չկա։ Տեղ-տեղ մայթը պարզապես բացակայում է, և ստիպված ես լինում ճանապարհը շարունակել՝ վտանգելով կյանքդ, կամ այնքան նեղ է, որ ոտք դնելու տեղ չկա։ «Անհասկանալի է՝ ինչի մասին են մտածել ճանապարհը կառուցելիս։ Այսինքն՝ այստեղ մայթը միայն անունով է մայթ, և, ըստ ամենայնի, ոչ ոք չի պատրաստվում շտկել իրավիճակը»,- արձանագրեց զրուցակիցը։