ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչներն Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են աշխատել եվրոպական երկրներին Ուկրաինայում երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանն ուղղված բազմակողմ բանակցություններում ներգրավելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

«Միացյալ Նահանգները, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները կշարունակեն սերտորեն համագործակցել բանակցային ողջ գործընթացի ընթացքում՝ եվրոպացի գործընկերների մասնակցությամբ ավելի լայն բազմակողմ քննարկումների ուղղությամբ առաջ շարժվելու և համապարփակ ու կայուն խաղաղության հասնելու ընդհանուր նպատակով», — գրել է Ուիթքոֆը X-ում՝ ամփոփելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններից առաջ կայացած հանդիպման արդյունքները։