Հետպատերազմյան կարգավորման վերաբերյալ Մոսկվայի և Կիևի պայմանավորվածությունները «պետք է հարգեն Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա անվտանգության երաշխիքները», հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Նա մասնակցել է Աբու Դաբիում Ուկրաինայի, եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպմանը։

Հանդիպումը նախորդել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններին, որոնք մեկնարկել են Աբու Դաբիում երեքշաբթի առավոտյան։ Սպասվում է, որ բանակցությունները կտևեն երկու օր։

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ուիթքոֆին, հանդիպման մասնակիցները քննարկել են, թե ինչպես զարգացնել անվտանգության ոլորտում գործող եվրոպական կառույցներն ու համաձայնագրերը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ Ուիթքոֆը նշել է, որ հետպատերազմյան շրջանում անվտանգության խնդիրների լուծումն ու նոր հակամարտությունների առաջացման ռիսկի նվազեցումը «հիմնարար նշանակություն» ունեն։