Բուլղարիայի Յամբոլ քաղաքի մերձակայքում խիտ մառախուղի պայմաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, կան բազմաթիվ տուժածներ։ Ընդհանուր առմամբ՝ վթարի է ենթարկվել ավելի քան 50 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Բուլղարական հեռագրական գործակալությունը՝ հղում անելով Յամբոլի մարզպետ Գեորգի Չալիկովին։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Երկրի ՆԳՆ-ից մանրամասնում են, որ վթարը գրանցվել է առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում «Տրակիա» ավտոմայրուղու վրա։ Ճանապարհի 289-րդ և 294-րդ կիլոմետրերի հատվածում իրար են բախվել մի քանի տասնյակ բեռնատար ու մարդատար մեքենաներ, ինչպես նաև մեկ ավտոբուս։