Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զnհը, հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը:

«Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը, ով Ստեփանավանի ավագանու հոկտեմբերի 25-ի ընտրություններում գլխավորում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը։ Նա կալանավորվել էր քվեարկությունից չորս օր առաջ։ Հայ ազգային կոնգրեսն իր խորին ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և կուսակիցներին։

Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյան ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը:

Հայ ազգային կոնգրեսը վճռականորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը, որի պայմաններում հիմնական ընդդիմադիր ուժերը ընտրություններից առաջ ենթարկվում են հալածանքների ու կալանավորումների, քարոզարշավի և քվեարկության ընթացքում՝ վարչական ճնշումների ու ապօրինությունների, իսկ ընտրություններից հետո՝ նոր բռնաճնշումների։ Երբ իշխանությունն իրավապահ մարմիններն օգտագործում է քաղաքական մրցակիցներին ճնշելու համար, այն սահմանափակում է նաև քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը։ Այս քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը քայլ առ քայլ տանում է դեպի բռնապետություն։

Սա նաև հստակ ազդակ պետք է դառնա մեր ժողովրդի և հանրության համար: Պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները և հարձակումները ժողովրդավարական ազատությունների դեմ, պատժել հակաժողովրդավարական և ապօրինի արարքներ գործած բոլոր պատասխանատուներին։

Հալածանքների ենթարկվող յուրաքանչյուր քաղաքական ուժի՝ ազատորեն գործելու և ընտրություններին մասնակցելու իրավունքի պաշտպանությունը բոլորիս գործն է»,-նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան քրեակատորաղակա հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:

Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։