Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ հայտնվում են անազատության մեջ։ Այս մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա վստահեցրել է, որ Հայաստանում քաղաքական հետապնդումներ չկան։ «Պետությունը պետք է պատշաճ գնահատական տա ենթադրյալ արարքներին։ Հանցագործությունների բացահայտումը պետության գործառույթն է», — նշել է նախարարը։

Գալյանը հայտնել է, որ 2026 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է մահվան չորս դեպք։ «Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է մահվան ավելի քան 20 դեպք», — ընդգծել է նա։ Նախարարը հավելել է, որ առաջիկայում կընդունվի որոշում, որն ավելի ճկուն կդարձնի անազատության մեջ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություն ունեցող անձանց կալանքից ազատելու հնարավորությունները։

Գալյանը պարզաբանել է, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների համար պատասխանատու է Առողջապահության նախարարությունը։ Նա վստահություն է հայտնել, որ դրական տեղաշարժեր կան դեղորայքով ապահովման, օպերատիվ արձագանքման, կադրերի և այլ առումներով։

Նախարարի տվյալներով՝ որպես խափանման միջոց տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման դեպքերի թիվը գերազանցում է 3000-ը՝ չհաշված չհեռանալու մասին ստորագրությունն ու գրավը։ Նա պարզաբանել է, որ կալանքը՝ որպես խափանման միջոց, շատ ավելի հազվադեպ է կիրառվում։ «Մենք շահագրգռված ենք, որ կալանքը հնարավորինս հազվադեպ կիրառվի, քանի որ քրեակատարողական հիմնարկներում տեղերն անսահմանափակ չեն»։

Գալյանը հավելել է, որ անցյալ տարվանից, նախորդ հինգ տարիների համեմատ, առաջընթաց է արձանագրվել․ դատապարտված անձանց թիվը հարյուրներով գերազանցում է կալանավորվածների թիվը։

«Սա նշանակում է, որ դատարաններն սկսել են ավելի արագ որոշումներ կայացնել», — նշել է նա։ Նախարարը նաև վստահեցրել է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ չեն հարուցվում այն պատճառով, որ նրանք քննում են որևէ մեկի գործը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Նա հանկարծամահ է եղել սրտամկանի ինֆարկտից։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարանն ընտրակաշառք տալու գործով երկու ամսով կալանավորել էր Գևորգյանին։ Դա տեղի էր ունեցել ընտրություններից մի քանի օր առաջ։