Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունը՝ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան» (CGT), նոյեմբերի 17-ին համընդհանուր գործադուլի կոչ է արել՝ ի նշան երկրում կյանքի թանկացման դեմ բողոքի։ Այս մասին հայտնել է կոնֆեդերացիայի քարտուղար Ագաթ Լը Բերդերը։

«Անհնար է հաջողության հասնել ձեռնարկություններում և ոլորտային միավորումներում ընթացող կոլեկտիվ բանակցություններում՝ առանց ուժերի հարաբերակցություն ստեղծելու։ Աշխատավարձերի բարձրացման հասնելու համար անհրաժեշտ է համախմբվել», — Լը Բերդերի խոսքերը մեջբերում է BFMTV հեռուստաալիքը։

CGT-ի քարտուղարը գործադուլը դիտարկում է որպես աշխատավարձերի բարձրացման և կյանքի թանկացման դեմ պայքարի միջոց։

Ֆրանսիացիների՝ շաբաթներ տևած ցույցերից հետո երկրի կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարել է մի շարք միջոցառումների մասին, այդ թվում՝ դեկտեմբերից նվազագույն աշխատավարձի 1,6%-ով ինդեքսավորման և էներգակիրների համար արտոնությունների տրամադրման մասին։

Բողոքի ակցիաները Ֆրանսիայում սկսվել էին սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց էին դուրս եկել բարձր դասարանցիները՝ պահանջելով բարելավել դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց միացել էին երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, իսկ ցույցերը տարածվել էին նաև այլ շրջաններում։