Շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնող ամերիկյան Villa Vie Odyssey զբոսանավը Սինգապուրում կալանքի տակ է վերցվել, հաղորդում է բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան։

Նախատեսվում էր, որ զբոսանավը երեքուկես տարվա ընթացքում կայցելի գրեթե 150 երկիր։ Սակայն մի քանի շաբաթ առաջ նավարկությունն ընդհատվել է Կամբոջայում։ Անցյալ ամիս մոտ 200 ուղևոր ստիպված է եղել լքել նավը Սիհանուկվիլ նավահանգստային քաղաքում՝ նավի սեփականատեր Villa Vie Residences ընկերության գործունեության հանկարծակի կասեցման պատճառով։ Ընկերությունը դա պատճառաբանել է «վառելիքի ծախսերի չափազանց մեծ աճով»։

Օպերատորի՝ հոկտեմբերի 27-ի հայտարարության համաձայն՝ մերձավորարևելյան հակամարտությամբ պայմանավորված վառելիքի թանկացման հետևանքով Ասիայի որոշ շրջաններում մեկ նավախցի հաշվով վառելիքի ամսական ծախսերը 1,8 հազար դոլարից հասել են 8 հազար դոլարի։ Ընկերությունից հայտնել են, որ «զգալի ջանքեր են գործադրվել վառելիքի սպառումը նվազեցնելու ուղղությամբ», սակայն դրանք բավարար չեն եղել «ծախսերի արտակարգ աճը» փոխհատուցելու համար։

Սինգապուրի իշխանությունների հաղորդմամբ՝ Villa Vie Odyssey զբոսանավն այժմ խարսխված է նավահանգստի ջրատարածքում։ Սինգապուրի ծովային և նավահանգստային վարչության տեղեկություններով՝ նավում մնացած անձնակազմի անդամները լավ վիճակում են։ «Նրանց բարեկեցությանն ու կենցաղային պայմաններին վերաբերող հարցերը լուծում են նավի պարտատերերը»,— հայտնել են գերատեսչությունից՝ հավելելով, որ նավը «կալանքի տակ է վերցվել դատարանի որոշման հիման վրա»։

Կալանքը նախաձեռնած կողմի շահերը ներկայացնում է սինգապուրյան Helmsman LLC իրավաբանական ընկերությունը։ Սակայն առայժմ պարզ չէ, թե ով է նախաձեռնել նավի կալանքը։

Villa Vie Odyssey-ն շուրջերկրյա ճանապարհորդության է մեկնել Բելֆաստից (Հյուսիսային Իռլանդիա) 2024 թվականի հոկտեմբերին՝ ամիսներ տևած ուշացումից հետո։ Նավարկության մասնակիցներին առաջարկվում էր երեքուկես տարվա ընթացքում այցելել 147 երկրի ավելի քան 425 վայր։ Տոմսի նվազագույն գինը կազմել է մոտ 119 հազար դոլար՝ չհաշված բնակության համար լրացուցիչ ամսական վճարը։