Այսօր Հայաստանում ևս մեկ քաղբանտարկյալի մահ գրանցվեց։ Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության և նրա կյանքի անվտանգության ապահովման համար քաղաքական պատասխանատվություն են կրում իշխանությունները։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Արսենն ընդամենը 46 տարեկան էր։ Առաջադրվել էր Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու։

Անասելի ցավ է, որ այսպիսի երիտասարդ, հայրենասեր, ավյունով լեցուն մարդիկ զրկվում են կյանքից։

Ես և գործընկերներս տարիներ շարունակ բարձրաձայնում ենք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրող անմխիթար վիճակի, բժշկական պատշաճ սպասարկման, անհրաժեշտ դեղորայքի և մարդկային արժանապատիվ պայմանների բացակայության մասին։

Քրեակատարողական հիմնարկը չպետք է վերածվի մի վայրի, որտեղ մարդը զրկվում է ոչ միայն ազատությունից, այլև առողջությունը պահպանելու և ապրելու տարրական հնարավորություններից։

Բայց այս ամենից զատ՝ կա մեկ այլ՝ շատ ավելի մտահոգիչ հարց՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների, կալանավորումների և քաղբանտարկյալների խնդիրը։

Մինչև ե՞րբ են շարունակվելու քաղաքական հալածանքները, և ո՞վ է պատասխան տալու դրանց հետևանքների համար։

Ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի հետևանքով տեղի ունեցավ նաև Փարաքարի համայնքապետի սպանությունը։ Կյանքից զրկվեց մի մարդ, որն ուներ իր համայնքի բնակիչների բացարձակ վստահությունն ու աջակցությունը։

Այլևս լռելու տեղ չկա։ Այս ամենի հանդեպ մեր լռությունն ու հանդուրժողականությունը կարող են արժենալ նոր մարդկային կյանքեր։ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին։

Ո՞վ է պատասխանատու կալանավայրում մարդու կյանքի և առողջության անվտանգության համար։ Ո՞վ է պատասխան տալու, եթե պարզվի, որ հնարավոր էր կանխել այս մահը։

Օր չկա, որ մահ ու աղետ չբերեք մեր երկրին: Ութ տարի է՝ արյուն եք տենչում: Հեռացե՛ք, որ ապրենք:

Անասելի ցավ է։ Խորին ցավակցություններս Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին»,-գրել է Դանիելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան քրեակատորաղակա հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:

Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։