Սեն-Նիկոլյա-դը-Պորի բազիլիկից գողացել և այրել են Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի մասունքները։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Լոթարինգիայի Սուրբ Նիկողայոսի ծխական համայնքը։

«Երկուշաբթի՝ նոյեմբերի 2-ին, բազիլիկի քահանան հաղորդում է ներկայացրել Դոմբալ-սյուր-Մյորտի ոստիկանական բաժանմունք՝ հայտնաբերելով մասունքարանի գողությունը, որն ամփոփում էր Մյուռայի եպիսկոպոս Սուրբ Նիկողայոսի սրբազան մասունքները», — նշված է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ ոստիկանությանը հաջողվել է արագ պարզել գողի ինքնությունն ու ձերբակալել նրան։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է արարքը և հայտնել, որ «կոտրել է ցուցափեղկը, ապա այրել ու տրորել սրբությունը»։ «Այս մասունքի մշակութային արժեքից զատ՝ այսօր մեզ համար առավել ցավալի է այն, որ կատարվածը ծանր ոտնձգություն է մեր պատմության, մեր հավատքի և ուխտավորների սերունդների կրոնական մեծարման դեմ», — նշել են Սուրբ Նիկողայոսի ծխական համայնքում։

Tribune Chrétienne տեղեկատվական պորտալն իր հերթին հայտնում է, որ սա տարեսկզբից ի վեր բազիլիկի վրա իրականացված արդեն երրորդ հարձակումն է։ Ըստ աղբյուրի՝ չարագործն իր քայլը բացատրել է «ֆետիշիզմի դեմ պայքարով»՝ մասունքներին երկրպագելը նույնացնելով սնահավատության հետ։

Լրատվամիջոցը մեջբերում է «Սեն-Նիկոլյա-դը-Պորի բազիլիկի ճանաչում և վերածնունդ» ասոցիացիայի ղեկավար Դենի Բուրկենի խոսքերը, ով հայտնել է, որ ոչնչացված սրբությունը մոտ 2 սմ երկարությամբ ոսկրաբեկոր էր, որը պահվում էր ապակե պատյանում՝ բազիլիկի գանձատան մյուս մասունքներից առանձին։ Նա նաև հերքել է «ֆետիշիզմի» վերաբերյալ գողի պնդումները՝ ընդգծելով, որ եկեղեցին երկրպագում է ոչ թե մասունքներին, այլ Աստծուն, մինչդեռ սրբերի մասունքների մեծարումը նպատակ ունի հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր ապրել են Քրիստոսին հավատարիմ կերպով։