ՀԱՊԿ երկրները չորեքշաբթի կքննարկեն կազմակերպությունում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կողմերը ստիպված են եղել քննարկել Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու հարցը։ Խոսքը կազմակերպության բյուջե կատարվող տարեկան վճարումների մասին է։

«Համապատասխան որոշման նախագիծը (Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ) նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններում ՀՀ քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցում և ձայնի իրավունքից զրկում։ Որոշման այս նախագիծը վաղը ևս կքննարկվի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում»,- նշել է Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի արդյունքները։