Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք սանձազերծած քաղաքական հետապնդումների, ակնհայտ ոչ իրավաչափ խափանման միջոցի և նպատակային վարկաբեկման արշավի հերթական զոհն է։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այս ողբերգությունը վկայում է սարսափելի իրողության մասին։
Մարդը և նրա արժանապատվությունը վաղուց արդեն բացարձակ արժեք չեն Հայաստանում, իսկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք։
Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանատվությունը կրում են իշխող ուժը և նրա ապօրինի հրահանգները դակող իրավական համակարգի ներկայացուցիչները։
Խստագույնս դատապարտում ենք նման ողբերգական հետևանքներ ծնող քաղաքական հաշվեհարդարի մթնոլորտը։
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին և հասարակական ուժերին՝ անվերապահորեն դատապարտել այս դեպքը։
Կոչ ենք անում բոլոր միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հստակ գնահատական տալ Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմանն ու կյանք արժեցող քաղաքական հետապնդումների պրակտիկային։
Այս ողբերգությունը վերահաստատեց ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման հրամայականը։
Արսեն Գևորգյանի հիշատակը պարտավորեցնում է մեզ մինչև վերջ պայքարել Հայաստանում մարդու իրավունքների, արժանապատվության և օրենքի գերակայության հաստատման համար»։
Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատորաղակա հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։






























