ՀՀ Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, նախագահի տեղակալ Մարիամ Պողոսյանը, հանձնաժողովի անդամներ Տարոն Չախոյանը, Նատալյա Սինորյանն ու Արաքսյա Վարդանյանը հանդիպել են ՄԱԿ-ի մանկական հիմադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Ղասան Խալիլին։

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման առանցքում եղել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները։

Նազելի Բաղդասարյանն ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ գործակցության կարևորությունը։ Հանձնաժողովի նախագահը երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրական դաշտը կատարելագործելու հարցում ջանքեր ներդնելու պատրաստակամություն է հայտնել։

ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի համատեքստում անդրադարձ է կատարվել օրենսդրական համապատասխանեցման գործընթացներին, երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման և հաշվետվողականության համակարգերի բարելավմանը, կոնվենցիայի դրույթների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Ներկայացվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մարզային իշխանությունների ու ակադեմիական հասարակության շրջանակում երեխաների իրավունքների մասով իրականացվելիք ծրագրերը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները մանրամասնել են նաև Կառավարության հետ համագործակցության հնգամյա ծրագրի առաջնահերթությունները, իրագործման թիրախային ուղղությունները:

Քննարկվել են Ազգային ժողովի հետ փոխգործակցությունն առավել ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու մեխանիզմները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բնագավառին առնչվող բազմաթիվ այլ հարցերի ու հետագա համագործակցության ձևաչափերի շուրջ: