Լեհաստանում ձերբակալել են Ուկրաինայի երկու քաղաքացու, որոնք կասկածվում են ռուսական հետախուզության հանձնարարությամբ լրտեսություն և դիվերսիաներ իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությանը (ABW)։
Գերատեսչության տվյալներով՝ տղամարդիկ կատարել են ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությունները, այդ թվում՝ երկրի տարածքում տեղեկություններ հավաքել կրիտիկական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների մասին։
Դատախազությունը երկու ձերբակալվածներին էլ մեղադրանք է առաջադրել օտարերկրյա հետախուզության շահերից ելնելով՝ Լեհաստանի դեմ լրտեսական գործունեություն ծավալելու, ինչպես նաև դիվերսիաներ իրականացնելու համար։
Քննիչների տվյալներով՝ կասկածյալներն ավտոմեքենաներ են հրկիզել՝ նախապես դրանց համարանիշները փոխարինելով ուկրաինացի զինվորականների օգտագործած համարանիշներին նմանվող համարանիշներով։ Հանձնարարությունները կատարելու դիմաց տղամարդիկ վարձատրություն են ստացել, այդ թվում՝ կրիպտոարժույթով։
Դատախազության հայտարարության համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ դիվերսիաներն իրականացվել են ռուսական հատուկ ծառայությունների ցուցումով և նպատակ են ունեցել Լեհաստանում հակաուկրաինական տրամադրություններ հրահրել։
Մեղավոր ճանաչվելու դեպքում ձերբակալվածներին սպառնում է 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում։
Լեհաստանը բազմիցս մեղադրել է Ռուսաստանին և նրա դաշնակից Բելառուսին հիբրիդային արշավ իրականացնելու մեջ, որը ներառում է դիվերսիաներ, կիբերհարձակումներ և ապատեղեկատվության տարածում։
Վարշավան նման սպառնալիքների ուժեղացումը կապում է 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկի հետ։ Մոսկվան բազմիցս հերքել է այդ մեղադրանքները։





























