«Բե Յախադ» կուսակցության առաջնորդ, Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ իր կուսակցությունը կուլիսային աշխատանք է տանում՝ օգնելու համար ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գադի Այզենկոտին ձևավորել «սիոնիստական կառավարություն», որը կփոխարինի Բինյամին Նեթանյահուի գործող կառավարությանը, հայտնում է The Times of Israel-ը։
Դրա մասին ասվում է Բենեթի՝ իր աջակիցներին ուղղված ուղերձում, որը հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ։ Ըստ քաղաքական գործչի՝ իր կուսակցությունը գործում է «լուռ»՝ չբացահայտելով բանակցությունների մանրամասները։
«Մենք ամեն ինչ լուռ ենք անում, բացարձակապես ամեն ինչ, որպեսզի օգնենք Այզենկոտին ստեղծել իրավիճակը շտկող սիոնիստական կառավարություն, հնարավորինս շուտ հասնել իշխանափոխության և հնարավորություն ստանալ շտկելու Իսրայելում տիրող իրավիճակը»,- հայտարարել է Բենեթը։
Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակել է իսրայելական Kan հանրային հեռարձակող ընկերության լրագրողը։
Ավելի ուշ Բենեթը լրագրողների հետ զրույցում վերահաստատել է այս դիրքորոշումը՝ նոյեմբերի 10-ին ժամանելով Քնեսեթ՝ 26-րդ գումարման պատգամավորների երդմնակալության արարողությանը մասնակցելու համար։
Իսրայելի նախկին վարչապետն իշխանափոխությունը կապել է նաև երկարատև ծառայության պատճառով գերծանրաբեռնված պահեստազորայինների վիճակը թեթևացնելու անհրաժեշտության հետ։
Ադ հայտարարությունը վկայում է, որ նա համաձայն չէ բավարարել ծայրահեղ ուղղափառ կուսակցությունների պահանջները՝ պահպանելու իրենց աջակիցների ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից։
Միաժամանակ Բենեթը չի պարզաբանել, թե ինչպես Այզենկոտը կկարողանա կառավարություն ձևավորել առանց սիոնիզմին դեմ հանդես եկող ծայրահեղ ուղղափառ և արաբական կուսակցությունների աջակցության։
The Times of Israel-ը նշում է, որ կուլիսային բանակցությունների հիշատակումը կարող է վկայել Նեթանյահուի քաղաքական ճամբարում ընդգրկված աջակողմյան ուժերի հետ կապեր հաստատելու փորձերի մասին։
Մասնավորապես, խոսքը կարող է վերաբերել Բեցալել Սմոտրիչի «Կրոնական սիոնիզմ» կուսակցությանը, որի հետ Բենեթը նախկինում համագործակցել է։ Այդ կուսակցության ընտրողների շրջանում քիչ չեն պահեստազորայինները։





























