ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է նրան, որ ինքը տարածել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այսօրվա տեսանյութը, որտեղ վերջինս խցանումների համար քննադատում ու հեգնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ առանց նրա անունը տալու։
Այս փաստը հատկանշական է նրանով, որ ըստ մամուլ տեղեկությունների ՔՊ ներսում սուր պայքար է սկսվել քաղաքապետի պաշտոնի համար և Ալեն Սիմոնյանը հավակնում է այդ պաշտոնին։
Նա, մասնավորապես հայտարարել է. «Տարօրինակ է, որ շատ մարդկանց մոտ, մասնավորապես լրատվամիջոցների մոտ զարմանք է առաջացրել, որ ես տարածել եմ տիկին Հակոբյանի տեսանյութը, և իրենք դրա մեջ ինչ-որ դավադրություն են տեսնում։ Այնինչ շատ են դեպքեր, երբ մենք խնդիրները, որոնք որ կան այս կամ այն ոլորտում, բարձրաձայնում ենք և միասին լուծում ենք։ Ասել, որ ես նոր եմ սկսել հետաքրքրվել Երևան քաղաքով, նշանակում է ոչինչ չասել, որովհետև ես միշտ Երևանը սիրել եմ, ես երևանցի եմ և Երևանի ավագանիում աչքի ընկնող աշխատանքով եմ զբաղվել, Երևանի խնդիրները ինձ մշտապես հետաքրքրել են և հետաքրքրելու են նաև ապագայում։
Ինչ վերաբերվում է որևիցե հավակնություններ ին քաղաքապետ դառնալու կամ քաղաքապետի որպես թեկնածու առաջադրվելու, պետք է ձեզ ասեմ, որ ես, և դուք, չգիտենք, թե ես ինչով զբաղված կլինեմ, մի տարի հետո, վեց ամիս հետո, երկու տարի հետո, և նման խոսակցությունները ուղղակի անտեղի են։
Շատ հավանական է, որ ես զբաղված լինեմ մեկ այլ գործով, շատ հավանական է, որ այն գործը, որով հիմա զբաղվում եմ, լինի այնքան ծանրաբեռնված կամ այնպիսի փուլում, որ ես ընդհանրապես որևիցե բանով չկարողանամ զբաղվեմ։ Շատ հնարավոր է, որ ես նույնիսկ զբաղվեմ մասնավոր ինչ-որ գործունեությամբ, ով գիտի, կյանք է։
Երևանը ունի իր քաղաքապետին, քաղաքապետի անունը Տիգրան Ավինյանը, և նման քննարկումներ, նման խոսակցություններ ես ոչ ունեմ և ոչ էլ ունեցել եմ։
Շնորհակալ եմ ուշադրության համար, շնորհակալ եմ, որ այդպես քանակությամբ մարդիկ կան, որոնք ինձ տեսնում են այս կամ այն աշխատանքի մեջ։ Ես չեմ բացառում, որ մեր թիմի յուրաքանչյուր անդամ կարող է որևիցե բանի հավակնել, բայց կրկնում եմ, նման խոսակցություններ չկան և Աստված գիտի, թե մի տարի հետո, վեց ամիս հետո, առավել ևս երկու տարի հետո ինչով մենք զբաղված կլինենք և ինչ կլինի։ Ուստի, զերծ մնացեք նման շահարկումներից»։
Նշենք, որ այդ տեսանյութում Հակոբյանն առանց անուններ տալու քննադատում ու հեգնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ խցանումների համար ու հուշում, որ կա նման գիտություն, որը հնարավորություն է տալիս հաշվարկել, թե նման տեմպրով զարգանալու դեպքում մի քանի տարի անց մայրաքաղաքում քանի մեքենա կլինի ու ինչ է պետք անել դրան պատրաստվելու համար։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՔՊ–ի ներսում լուրջ մրցակցություն է հասունանում գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև։ Ընդ որում՝ վերջինս, ըստ տարբեր տեղեկությունների, ամենևին էլ չի պատրաստվում այս անգամ զիջել քաղաքապետի պաշտոնը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, Սիմոնյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքն է լինելու Երևանի հաջորդ քաղաքապետը՝ վստահեցնելով, որ իր վարկանիշը շատ ավելի բարձր է, քան Տիգրան Ավինյանինը, և ՔՊ վարչությունը պետք է որոշում կայացնի իր թեկնածությունն առաջադրելու օգտին։





























