Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Երևանում համանախագահել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Նիստի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտների զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Կողմերը միջգերատեսչական հանձնաժողովը բնորոշել են որպես քաղաքական հանձնառությունները գործնականում առաջ մղելու արդյունավետ հարթակ։

Իր խոսքում փոխվարչապետ Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի երկրների համար՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների վրա։

Փոխվարչապետն այդ համատեքստում կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։