Գերմանիայի արևմուտքում՝ Բադ Զասենդորֆ քաղաքի մերձակայքում, երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս դեռահաս է զոհվել, հայտնում է dpa գործակալությունը։

Ոստիկանության տվյալներով՝ վթարի պատճառը, ենթադրաբար, թույլատրելի արագության գերազանցումն է եղել։

Զոհվել են 18 և 19 տարեկան երկու պատանի և 16 տարեկան երկու աղջիկ։ Ավտոմեքենայի ղեկին 18-ամյա երիտասարդն էր։

Վթարը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ առաջ՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասում։ Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին։ Մեքենայում գտնվող բոլոր չորս դեռահասները մահացել են դեպքի վայրում՝ չնայած նրանց վերակենդանացնելու բժիշկների փորձերին։

Ոստիկանության տվյալներով՝ ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ էր։ Սակայն ավտոմեքենան այնքան լուրջ վնասվածքներ է ստացել, որ շարժիչը տեղաշարժվել է դեպի սրահ։

Վնասվածքների բնույթից ելնելով՝ քննիչները ենթադրում են, որ ավտոմեքենան թույլատրելիից զգալիորեն ավելի բարձր արագությամբ է ընթացել։

«50 կմ/ժ արագության դեպքում նման բան հաստատ տեղի չէր ունենա»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։

Տեղի հրշեջ ծառայության 54-ամյա ղեկավար Աքսել Կիպը տեղի ունեցածն անվանել է իր ամբողջ կարիերայի ամենածանր պատահարներից մեկը։

«Հրշեջ ծառայությունում ավելի քան 30 տարվա ծառայության ընթացքում սա, հավանաբար, երբևէ տեղի ունեցած ամենասարսափելի դեպքն է»,- ասել է նա dpa գործակալությանը։