Երևանի Արաբկիր վարչական շրջանում, շուկայի հարակից հատվածում, արդեն մի քանի ժամ է՝ ինչ քանդում են մայթերին կառուցված 14 կրպակները։

Կրպակատերերը մինչ այդ տեղեկացված են եղել ու դատարկել էին կրպակները։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը լրագրողներին հայտնել է, որ այդ կրպակների տերերը չունեն սեփականության վկայական, իսկ վարձակալության ժամկետներն էլ լրացել են։

«Այս կրպակները տարիներ առաջ կառուցվել են կառուցապատման հիմքով, սեփականության վկայական չկա, ապամոնտաժումն իրականացվում է մայթերի հիմնանորոգման ծրագրերի շրջանակներում։ Կոմիտասի պողոտայում մենք ունենք հիմնանորոգման աշխատանքներ ու մայթերի բացազատում, կանաչ գոտիների ընդլայնման ծրագրերի շրջանակներում են ապամոնտաժվում այս թվով 14 կրպակները։ Իրենք վարձակալության ժամկետը լրացած, սակայն կառուցապատման հիմքով։

Բոլոր կրպակատերերի հետ թե անձամբ ես, թե իմ տեղակալը, թե բաժնի պետերը ամիսներ շարունակ տարել են աշխատանքներ նրանց հետ զրուցել են, նրանք տեղյակ են եղել, որ կրպակները ապամոնտաժվելու են»,–ասաց թաղապետը։

Նա հավելեց, որ կրպակատերերին այլ վայր չի առաջարկվել, նման բանակցություններ չեն եղել։

Իսկ ահա կրպակատերերից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեք օր առաջ են իրենց տեղեկացրել, հիմա ապրանքը հանել են դրսում են դրել, տեղ էլ չունեն, որ տեղափոխեն։