Երեկ՝ նոյեմբերի 9-ին, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքում անչափահասը անչափահասին դանակահարել է, ինչի հետևանքով վիրավորը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 15-ամյա Մարիա Յ.-ի և 15-ամյա Նարե Գ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում, որի ժամանակ էլ Նարե Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Մարիա Յ.-ին, ինչի հետևանքով վերջինը «որովայնի 1-ին պատի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Նարե Գ.-ն դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վաղարշապատի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, բանակցություններ են վարել Նարե Գ.-ի հարազատների հետ, ովքեր հայտնել են, որ երեխային կներկայացնեն ոստիկանություն։ Մինչ այս պահը դեռևս նրան չեն ներկայացրել։

Մարիա Յ.-ն սովորում է Էջմիածնի թիվ 2-րդ ավագ դպրոցում, իսկ Նարե Գ.-ն՝ Երևանի պետական հումանիտար քոլեջի 1-ին կուրսում։