Հայաստանի կառավարությունն առաջարկում է հստակեցնել հեղինակային իրավունքների խախտման համար նախատեսված պատասխանատվության չափերը: Դրա մասին նոյեմբերի 10-ին խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթի և հարակից օրենքների ուղղումների քննարկման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Լևոն Մովսիսյանը:
Մասնավորապես, ինչպես նշել է փոխնախարարը, հեղինակային իրավունքների խախտման դեպքում առաջարկվում է սահմանել փոխհատուցման վճարման հնարավորություն՝ 20 հազարից մինչև 2 միլիոն դրամի չափով:
Օրենսդրական նախաձեռնությունը բավականին ծավալուն է: Այն ուղղված է հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման համակարգի վերանայմանը, այս ոլորտում գործող կազմակերպությունների գործունեության կանոնների հստակեցմանը, ինչպես նաև հեղինակների իրավունքների պաշտպանության ուժեղացմանը։
«Գործող օրենսդրությունը մի շարք հարցերում լիովին չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Մասնավորապես, առկա են խնդիրներ իրավունքների կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև հեղինակների իրավունքների արդյունավետ պաշտպանության հետ կապված»,- ասել է Մովսիսյանը:
Բացի դրանից, նախատեսվում է ներդնել իրավունքների կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների պետական հավատարմագրման համակարգ: Այլ կերպ ասած՝ կազմակերպությունները պետք է համապատասխանեն սահմանված պահանջներին, իսկ նրանց գործունեությունը՝ ենթակա լինի վերահսկողության։
Նախագծով առաջարկվում է միաժամանակ հստակեցնել հեղինակների և իրավատերերի՝ իրենց իրավունքները կոլեկտիվ կառավարման կազմակերպություններին փոխանցելու, ինչպես նաև նման փոխանցումից հրաժարվելու մեխանիզմները: Հատուկ ուշադրություն է դարձվում կամավորության սկզբունքին և հեղինակների՝ իրենց իրավունքների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հնարավորությանը:
Հիմնավորման մեջ ուսումնասիրվել է նաև մի շարք երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիտվայի, Չինաստանի և այլ պետությունների փորձը։ Հետազոտության նպատակն էր բացահայտել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտային ապահովել հեղինակային իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների հաշվետվողականությունը:
Փաստաթղթում բերված են նաև այլ երկրների օրինակներ, որտեղ հեղինակային իրավունքների խախտումների համար նախատեսված են ֆինանսական պատասխանատվության տարբեր միջոցներ:
Նախագծի հեղինակների համոզմամբ՝ փոփոխությունների ընդունումը կնպաստի հեղինակային իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, այս ոլորտում գործող կազմակերպությունների գործունեության թափանցիկության ապահովմանը և միջազգային պարտավորություններին համապատասխանող օրենսդրական դաշտի ձևավորմանը:
Նախագումը մշակել են Էկոնոմիկայի նախարարությունում։
Բավականին երկարատև քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





























