Համաշխարհային հանքարդյունաբերությունը թևակոխում է զարգացման նոր փուլ, որտեղ բնական պաշարների առկայությունն այլևս բավարար չէ մրցունակ լինելու համար։ Հանքավայրի տնտեսական արժեքը պայմանավորվում է նաև արտադրության արդյունավետությամբ, կիրառվող տեխնոլոգիաներով, ներդրումային միջավայրի կանխատեսելիությամբ և բնապահպանական ու սոցիալական ռիսկերի կառավարմամբ։
Այս փոփոխություններն արտացոլված են միջազգային խորհրդատվական EY ընկերության՝ «Հանքարդյունաբերության և մետաղների ոլորտի 2027 թվականի 10 հիմնական բիզնես ռիսկերն ու հնարավորությունները» զեկույցում։ Շուրջ 400 բարձրաստիճան ղեկավարների շրջանում անցկացված հետազոտության համաձայն՝ ոլորտի գլխավոր մարտահրավերները կապված են արտադրական գործընթացների բարդացման, կապիտալի հասանելիության, ծախսերի աճի և աշխարհաքաղաքական զարգացումների հետ։
Հայաստանի համար այս եզրահանգումները հատկապես արդիական են՝ հաշվի առնելով ոլորտի տեխնոլոգիական արդիականացման, ներդրումային գրավչության բարձրացման և հանրային վստահության ամրապնդման անհրաժեշտությունը։
Ներդրումային միջավայր․ կապիտալն ընտրում է կանխատեսելիությունը
EY-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ միջազգային ներդրողները դարձել են առավել ընտրողական։ Առավելություն են ստանում այն նախագծերը, որոնք առաջարկում են ոչ միայն տնտեսական եկամտաբերություն, այլև կայուն իրավական միջավայր և զարգացման երկարաժամկետ հեռանկար։
Փոխվում է նաև պետությունների դերակատարությունը։ Կառավարություններն ավելի ակտիվորեն են ներգրավվում ռազմավարական նախագծերի ֆինանսավորման գործընթացներում։ EY-ի տվյալներով՝ 2023–2025 թվականներին կարևոր նշանակություն ունեցող հանքանյութերի ոլորտում պետական ֆինանսավորման հրապարակային պարտավորություններն աճել են ավելի քան չորս անգամ՝ հասնելով շուրջ 65 միլիարդ դոլարի։
Այս համատեքստում ուշագրավ է Ամուլսարի ոսկու հանքավայրի օրինակը։ Տարիներ շարունակ բարդ զարգացումներ անցած նախագիծը 2025 թվականին վերսկսեց շինարարությունը, իսկ 2026 թվականի հոկտեմբերին ստացվեց առաջին ոսկու արտադրությանը։ Ծրագրում իրականացված ընդհանուր ներդրումները գնահատվում են շուրջ 750 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանի կառավարությունը «Լիդիան Արմենիա» ընկերության 12.5 տոկոս բաժնետերն է։
Ամուլսարի գործարկումը կարևոր ազդակ է միջազգային ներդրումային հանրությանը՝ ցույց տալով, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել խոշորածավալ արդյունաբերական նախագծեր՝ նպաստելով երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը։
Տեխնոլոգիական զարգացում․ ժամանակակից հանքարդյունաբերության հիմքը
EY-ի զեկույցում 2027 թվականի գլխավոր բիզնես ռիսկ է ճանաչվել արտադրական գործընթացների բարդացումը։ Հանքաքարի որակի փոփոխականությունը, սարքավորումների հուսալիությունը, աճող ծախսերն ու մասնագետների հասանելիությունը ընկերություններին ստիպում են վերանայել աշխատանքի ավանդական մոտեցումները։
Այս պայմաններում թվային տեխնոլոգիաները, ավտոմատացումը և տվյալների վրա հիմնված կառավարումը դառնում են արտադրության արդյունավետության բարձրացման հիմնական գործիքներ՝ հնարավորություն տալով իրական ժամանակում վերահսկել արտադրական գործընթացներն ու բնապահպանական ցուցանիշները։
Այս առումով առանձնանում է Ամուլսարի հանքավայրը, որտեղ միասնական թվային կառավարման և մշտադիտարկման համակարգերը ներդրվել են ի սկզբանե՝ այն դարձնելով Հայաստանի նոր սերնդի առաջին հանքավայրը։ Նման տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն բարձրացնում է արտադրության կառավարման արդյունավետությունը, այլև նպաստում է նոր մասնագիտական հմտությունների ձևավորմանն ու ոլորտի տեխնոլոգիական զարգացմանը։
Բնապահպանական պատասխանատվություն և համայնքային զարգացում
Համաշխարհային հանքարդյունաբերության առաջնահերթությունների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում բնապահպանական կառավարումն ու համայնքների հետ հարաբերությունները։ EY-ի հետազոտության համաձայն՝ ղեկավարների 24%-ը ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումը համարում է կայուն զարգացման առաջնահերթություն։
Հայաստանում այս հարցերն առավել զգայուն են՝ հաշվի առնելով հանքարդյունաբերության շուրջ հանրային քննարկումները։ Ամուլսարի նախագիծը ևս տարիներ շարունակ եղել է այդ քննարկումների կենտրոնում, թեև դրա շրջանակում ներդրվել են բնապահպանական ռիսկերի կառավարման ժամանակակից տեխնիկական լուծումներ և համակարգեր։ Դրանց արդյունավետության գնահատման կարևոր պայմանը շահագործման ընթացքում իրականացվող վերահսկողությունն ու չափելի արդյունքներն են։
Ուշագրավ է նաև Ամուլսարի հարակից համայնքների հետ համագործակցության մոդելը։ 2026 թվականի օգոստոսին ստորագրված Համայնքային զարգացման համաձայնագրով նախատեսվում է տարեկան մինչև 9 միլիոն դոլար համայնքային ներդրումներ։
Այս մեխանիզմը հնարավորություն է ստեղծում հանքարդյունաբերությունից ստացվող տնտեսական օգուտները վերածել համայնքների զարգացման երկարաժամկետ ծրագրերի՝ ամրապնդելով ընկերության և բնակչության համագործակցությունը։
Հայաստանի հնարավորությունը՝ հանքարդյունաբերության որակական փոփոխություն
EY-ի զեկույցում ներկայացված ռիսկերը միաժամանակ զարգացման հնարավորություններ են։ Տեխնոլոգիական արդիականացումը, ներդրումային միջավայրի բարելավումը և պատասխանատու կառավարումը կարող են բարձրացնել Հայաստանի հանքարդյունաբերության միջազգային մրցունակությունը։
Ամուլսարի հանքավայրի նախագծային հզորությունը տարեկան շուրջ 210 հազար ունցիա ոսկու արտադրություն է նախատեսոում։ Ընկերության գնահատականներով՝ լիարժեք արտադրական գործունեության պայմաններում ծրագիրը կարող է ապահովել տարեկան շուրջ 130 միլիոն ԱՄՆ դոլարի հարկերի և ռոյալթիի վճարումներ, ինչպես նաև հազարավոր ուղղակի և անուղղակի աշխատատեղեր։
Սակայն Ամուլսարի նշանակությունը միայն տնտեսական ցուցանիշներով չի սահմանափակվում։ Այն կարող է դառնալ Հայաստանի հանքարդյունաբերության որակական փոփոխության կարևոր օրինակներից մեկը՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է բնական պաշարները վերածել երկարաժամկետ տնտեսական արժեքի՝ համադրելով ժամանակակից տեխնոլոգիաները, բնապահպանական վերահսկողությունն ու համայնքային զարգացումը։
Նաիրա Սուրենյան





























