Իրանի ԱԳՆ-ն հերքել է սուպերմարկետների հովացման համակարգերի դեմ կիբերհարձակումներին Թեհրանի առնչության վերաբերյալ Ֆրանսիայի մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն և չարամիտ:
Գերատեսչությունը Փարիզին մեղադրել է սեփական խնդիրների պատասխանատվությունն արտաքին ուժերի վրա բարդելու փորձի մեջ և հայտարարել, որ Թեհրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր ազգային շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար։
Երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ Իրանի ԱԳՆ-ն մեղադրանքներն անվանել է Իսլամական Հանրապետության նկատմամբ Ֆրանսիայի՝ «իրեն սպառած քաղաքականության» մաս։
Գերատեսչության կարծիքով՝ մի շարք նմանատիպ մեղադրանքներին հաջորդած նոր հայտարարությունները նպատակ ունեն հանրության ուշադրությունը շեղելու Իրանի և Մերձավոր Արևելքի նկատմամբ Փարիզի ապակառուցողական քաղաքականությունից։
Իրանական կողմը Ֆրանսիային մեղադրել է նաև ահաբեկչական խմբավորումներին տարիներ շարունակ ապաստան տրամադրելու և, ինչպես նշվում է հայտարարությունում, պաղեստինցիների ցեղասպանությանն աջակցելու մեջ։
Թեհրանում մեղադրանքներն անվանել են Իրանի հեղինակությունն արատավորելու և այլ երկրների հետ նրա հարաբերությունները խաթարելու «անպատասխանատու և ամոթալի» փորձ՝ հայտարարելով, որ դրանք ծառայում են ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին, որոնց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անվանել է միջազգային իրավունքի խոշորագույն խախտողներ։
Իրանի ԱԳՆ-ն պնդում է, որ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են օտարերկրյա պետությունների վրա բարդել սեփական կառավարչական ձախողումների, քաղաքացիների պահանջները բավարարելու անկարողության և ենթակառուցվածքային խնդիրների պատասխանատվությունը։ Հայտարարության մեջ նաև ծաղր կա Ֆրանսիայի իշխանությունների հասցեին. գերատեսչությունը նշել է, որ նրանք ի վիճակի չեն նույնիսկ վերահսկելու սառնարանների ջերմաստիճանը, սակայն առաջացած խնդիրների համար մեղադրում են արտաքին ուժերին։
Թեհրանը ֆրանսիացի պաշտոնյաներին կոչ է արել ռեսուրսներն ուղղել սոցիալական հարցերի լուծմանը և կրթության ոլորտում բնակչության կարիքների բավարարմանը, այլ ոչ թե հսկայական միջոցներ ծախսել այլ երկրների ներքին գործերին միջամտելու վրա, այդ թվում՝ դիվանագիտական քողի ներքո և մշակութային նախագծերի անվան տակ։
Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ֆրանսիան միջազգային պատասխանատվություն է կրում միջազգային իրավունքի խախտումների և Իրանի գործերին ապօրինի միջամտության համար։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի վարանի անհրաժեշտ և համաչափ միջոցներ ձեռնարկել՝ իր շահերն ու անվտանգությունն օտարերկրյա ապօրինի գործունեությունից պաշտպանելու համար։
Հայտարարությունը հաջորդել է Ֆրանսիայի արտգնախարար Ժան-Նոել Բարոյի մեղադրանքներին. վերջինս հայտարարել էր, որ հոկտեմբերի 11-ին և 12-ին Ֆրանսիայի սուպերմարկետների հովացման համակարգերի դեմ կիբերհարձակումների հետևում կանգնած է եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Ըստ հաղորդումների՝ որոշ սառնարանային կայանքներում ջերմաստիճանը գերազանցել է Ցելսիուսի 50 աստիճանը, ինչի պատճառով ստիպված են եղել ոչնչացնել շուտ փչացող մթերքը։
Բարոն տեղի ունեցածն անվանել է աննախադեպ մասշտաբի հարձակում, հայտնել Իրանի դեսպանին կանչելու մասին և սպառնացել պատժամիջոցներ կիրառել ենթադրյալ մեղավորների դեմ։





























