ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդես է եկել ի պաշտպանություն Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի՝ նրան իմփիչմենթի ենթարկելու փորձերի հետնապատկերին։

Վենսի կարծիքով՝ պաշտպանության նախարարի գործողությունները նրան պաշտոնանկ անելու հիմքեր չեն տալիս, իսկ կոնգրեսականների նախաձեռնությունը կապված է ոչ թե Իրանի դեմ պատերազմի, այլ Պենտագոնի բյուրոկրատական համակարգին Հեգսեթի դիմադրության հետ։

«Արդյո՞ք Փիթ Հեգսեթը իմփիչմենթի հիմք հանդիսացող հանցագործություններ է կատարել։ Հարցն ինքնին անհեթեթ է, իսկ պատասխանն ակնհայտ է՝ ոչ»,- X սոցիալական ցանցում գրել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահը, որը համարվում է 2028 թվականի ընտրություններում երկրի նախագահի պաշտոնի հավանական հավակնորդներից մեկը, հայտարարել է, որ իմփիչմենթը վերածվել է «անհեթեթ ներկայացման, որը փոխարինում է քաղաքականության իրական մշակմանը»։

Ըստ նրա՝ Կոնգրեսը նույն մոտեցումն է կիրառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ։ «Իմփիչմենթ հայտարարելը հեշտ է, իսկ դրա հետևանքներն ի վերջո աննշան են»,- նշել է Վենսը։

Նա հայտարարել է նաև, որ Հեգսեթի հասցեին օրենսդիրների ամենասուր քննադատությունը վերաբերում է այն հարցերին, որոնցում Պենտագոնի ղեկավարը, ԱՄՆ փոխնախագահի կարծիքով, իրավացի է՝ Եվրոպայից և Ուկրաինայից ուժերի տեղափոխմանը և բարձրաստիճան զինվորականների կազմի վերակազմավորմանը։

«Հեգնանքն այն է, որ օրենսդիրներն ամենից շատ վրդովված են Փիթի այն քայլերից, որոնցում նա առավել իրավացի է՝ Եվրոպայից և Ուկրաինայից ուժերի տեղափոխումից և բարձրաստիճան սպաների կազմի վերակազմավորումից։ Բանն Իրանը չէ, այլ այն, որ Փիթը մարտահրավեր է նետել Պենտագոնի բյուրոկրատական համակարգին»,- հայտարարել է Վենսը։

Ըստ Ներկայացուցիչների պալատի աշխատանքային ժամանակացույցի՝ հանրապետական Թոմաս Մասիի ներկայացրած՝ Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու մասին բանաձևի քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն այսօր՝ տեղական ժամանակով 17։30-ին։