ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․
«Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։ Այսօր արդեն այդ քաղաքականության հետևանքները հանգեցնում են անդառնալի մարդկային ողբերգությունների։
Այսօր վաղ առավոտյան հասարակությունը ցնցվեց հերթական ողբերգական լուրից․ քրեակատարողական հիմնարկում մահացել է 46-ամյա Արսեն Գևորգյանը։
Ականատես ենք հերթական մարդկային ողբերգությանը, որը տեղի է ունենում իրեն ժողովրդավար հռչակած, սակայն ընդդիմախոսների նկատմամբ համատարած ռեպրեսիաներ իրականացնող իշխանության օրոք։
Արսեն Գևորգյանի մահը ևս մեկ անգամ ի ցույց է դնում քաղաքական հետապնդումների մարդկային ծանր հետևանքները և դրանց համար պատասխանատվության անհրաժեշտությունը։ Անազատության մեջ շարունակում են մնալ ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ, այլախոհներ։
Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որոնց գործողությունները դառնում են առավել սանձարձակ, երբ բացակայում է միջազգային հանրության հակազդեցությունը։
Ցավակցում ենք Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և «Ուժեղ Հայաստանի» մեր գործընկերներին՝ այս ողբերգության կապակցությամբ»։





























