Ֆրանսիայում պաշտոնական հետաքննություն է սկսվել գրող Միշել Ուելբեքի նկատմամբ՝ խտրականության, ատելության կամ բռնության հրահրմանն օժանդակելու կասկածանքով։ Առիթ են դարձել 2022 թվականի նոյեմբերին հրապարակված հարցազրույցում մահմեդականների մասին հեղինակի արտահայտությունները, գրում է Le Figaro-ն՝ հղում անելով դատական աղբյուրներին։

Հետաքննությունը սկսել է Նանտերի քննչական դատավորը։ Գործը վերաբերում է փիլիսոփա Միշել Օնֆրեին Ուելբեքի տված հարցազրույցին, որը հրապարակվել է Front Populaire հանդեսում։

«Հնազանդություն» և «Տարրական մասնիկներ» վեպերով հայտնի Ուելբեքը, ենթադրաբար, մահմեդականներին ներկայացրել է որպես ֆրանսիական ծագում ունեցող ֆրանսիացիների անվտանգության սպառնալիք։

Լրատվամիջոցների տվյալներով՝ գրողը հայտարարել է, որ ֆրանսիական ծագում ունեցող ֆրանսիացիները չեն ցանկանում մահմեդականների ձուլումը։ Փոխարենը, ըստ նրա, մահմեդականները պետք է դադարեն թալանել ֆրանսիացիներին և հարձակվել նրանց վրա կամ հեռանան երկրից։

Նույն հարցազրույցում Ուելբեքը խոսել է ապագայում մահմեդականների դեմ ուղղված «Բատակլանի ոճով պատասխան հարձակումների» հնարավորության մասին։ Այս արտահայտությունը հղում է իսլամիստների՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացրած ահաբեկչություններին, այդ թվում՝ «Բատակլան» համերգասրահի վրա հարձակմանը։

2023 թվականի հունվարին Ֆրանսիայի մահմեդական պաշտամունքի խորհուրդը Ուելբեքի, Օնֆրեի և հանդեսի խմբագիր Ստեֆան Սիմոնի դեմ քրեական բողոք է ներկայացրել։

Գրողի փաստաբանները հերքել են մեղադրանքները։ Le Figaro պարբերականին տված մեկնաբանությունում նրանք հայտարարել են, որ վիճահարույց արտահայտությունները նման գործողություններ կատարելու ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կոչ չեն պարունակել և, հետևաբար, պաշտպանված են խոսքի ազատության իրավունքով։

Le Figaro-ի տվյալներով՝ Ուելբեքին կարող է սպառնալ մինչև մեկ տարվա ազատազրկում և տուգանք։