Տրինիդադ և Տոբագոյի գործերը քննող բարձրագույն վերաքննիչ դատական ատյանը վերացրել է մի քանի դար գործող օրենքը, որը քրեականացնում էր միասեռ սեռական հարաբերությունները, հայտնում է Associated Press-ը։
Մեծ Բրիտանիայի Գաղտնի խորհրդի դատական կոմիտեի՝ երեքշաբթի կայացրած միաձայն որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Այն ավարտին է հասցրել կղզիային պետությունում ԼԳԲՏ համայնքի իրավունքների համար գրեթե տասնամյա դատական պայքարը։
Գործը 2017 թվականի փետրվարին նախաձեռնել էր Ջեյսոն Ջոնսը՝ վիճարկելով դեռևս բրիտանական գաղութային կառավարման օրոք ընդունված օրենքների սահմանադրականությունը։ Դրանք տղամարդկանց միջև որոշակի սեռական հարաբերությունների համար մինչև հինգ տարվա ազատազրկում էին նախատեսում։ Թեև վերջին տարիներին այդ նորմերը գործնականում չէին կիրառվում, դրանց հակառակորդները պնդում էին, որ նման օրենքների գոյությունն ինքնին նպաստում է խտրականության պահպանմանը։
2018 թվականին Տրինիդադ և Տոբագոյի Բարձր դատարանը համապատասխան նորմերը հակասահմանադրական էր ճանաչել։ Սակայն 2025 թվականի մարտին տեղի վերաքննիչ դատարանը մասամբ բեկանել էր այդ որոշումը, ինչից հետո Ջոնսին թույլատրվել էր դիմել Լոնդոնում գտնվող Գաղտնի խորհրդին։ Երկրի կառավարությունը ձգտում էր ուժի մեջ պահել վերաքննիչ ատյանի որոշումը։
Տրինիդադ և Տոբագոն Ազգերի համագործակցության անդամ անկախ հանրապետություն է, որը շարունակում է Լոնդոնում գտնվող Գաղտնի խորհրդի դատական կոմիտեին դիմել որպես բարձրագույն վերաքննիչ ատյանի։ Միաժամանակ երկիրը կողմ է այդ գործառույթը Կարիբյան տարածաշրջանում տեղակայված Կարիբյան դատարանին փոխանցելուն։
Նման օրենքներ դեռևս պահպանվում են Կարիբյան ավազանի մի շարք երկրներում, դրանց թվում՝ Ճամայկայում, Գրենադայում և Սենթ Վինսենթ և Գրենադիններում։ Վերջին տարիներին Բարբադոսի, Դոմինիկայի, Սենթ Լյուսիայի, Անտիգուա և Բարբուդայի դատարանները ևս վերացրել են միասեռ հարաբերությունները քրեականացնող նորմերը։





























