ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը բացահայտել է այն նամակի բովանդակությունը, որը Դոնալդ Թրամփը նրա համար թողել էր Սպիտակ տանը 2021 թվականի հունվարի 20-ին՝ Բայդենի երդմնակալության օրը։ Ուղերձում Թրամփն իր հաջորդին հաջողություններ էր մաղթել նախագահի պաշտոնում և վստահություն հայտնել, որ նա կկարողանա փոխել պատմությունը։ Դրա մասին հայտնում է The New York Times-ը, որը ծանոթացել է նամակին և Բայդենի՝ հրատարակության պատրաստվող Promise Me, America («Խոստացիր ինձ, Ամերիկա») գրքից մի հատվածի։
«Շատ նախագահներ եկել ու գնացել են՝ պարզապես կառավարելով երկիրը որպես հանրապետականներ կամ դեմոկրատներ։ Նրանք հիմնականում չեն փոխել պատմությունը, այլ պարզապես շարժվել են դրա անողոք հոսանքով։ Ձեզ հետ դա տեղի չի ունենա, քանի որ ես գիտեմ, թե որքան ուժեղ եք սիրում ամերիկացի ժողովրդին»,- գրել է Թրամփը։
Նախկին նախագահը ընդգծել է նաև, որ Բայդենն իր ուսերին կրում է ամբողջ երկրի հույսերն ու երազանքները, իսկ այդ պատասխանատվության գիտակցումը պետք է հենարան լինի յուրաքանչյուր որոշում ընդունելիս։
«Ձեր ուժը, ձեր էներգիայի ամենախոր աղբյուրն այն գիտակցումն է, որ միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ ապավինում են ձեզ։ Նրանց հավակնություններն ու ձգտումներն են պատճառը, որ դուք այստեղ եք, և այնքան շատ մարդիկ են հույս կապում ձեր հաջողության հետ»,- ասվում էր նամակում։
Ավելի վաղ Բայդենն արդեն նշել էր, որ իր նախորդը նրան «շատ մեծահոգի նամակ» է թողել, սակայն չէր բացահայտել դրա բովանդակությունը։
Ուղերձը զգալիորեն տարբերվում է 2020 թվականի ընտրություններում պարտվելուց հետո Թրամփի հրապարակային վարքագծից։ Այն ժամանակ նա բազմիցս հայտարարում էր, որ ընտրությունները գողացվել են, դատարաններում վիճարկում էր դրանց արդյունքները և դաշնակիցներին կոչ անում հասնել Բայդենի հաղթանակի պաշտոնական հաստատման արգելափակմանը։ Հակամարտությունն իր գագաթնակետին հասավ 2021 թվականի հունվարի 6-ին, երբ Թրամփի կողմնակիցները գրոհեցին Կապիտոլիումը Կոնգրեսի այն նիստի ժամանակ, որում հաստատվում էին քվեարկության արդյունքները։
Բայդենը պաշտոնը ստանձնեց նույն օրը, որով թվագրված էր նամակը։ Թրամփը չներկայացավ երդմնակալությանը՝ խախտելով այն ավանդույթը, որին սովորաբար հետևում են ԱՄՆ նախկին նախագահները։ Սպիտակ տնից Բայդենի հեռանալուց հետո Թրամփը բազմիցս խիստ քննադատել է նրան, իսկ 2025 թվականին իշխանության վերադառնալուց հետո ներում է շնորհել հունվարի 6-ի անկարգություններին մասնակցած ավելի քան հազար մարդու։
Գրքում Բայդենը գրում է, որ իր առջև կարծես «երկու Դոնալդ Թրամփ» լիներ։ Ըստ նախկին նախագահի՝ Թրամփը «խորապես ապակայունացրել էր ժողովրդավարությունը», սակայն նամակում բարեմաղթանքներ էր հայտնել այնպիսի լեզվով, որը հնչում էր այնպես, «կարծես հին ընկերոջից լիներ»։
Promise Me, America գիրքը պետք է լույս տեսնի երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին։
Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Սթիվեն Չունգը The New York Times-ին հայտարարել է, որ Բայդենը պետք է ականջալուր լիներ Թրամփի իմաստուն խոսքերին, սակայն փոխարենը փորձել է կործանել երկիրը և դատական համակարգն օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ։ Չունգը նաև Բայդենին երկրի խայտառակությունն է անվանել և հայտարարել, որ Ամերիկան ավելի լավն է դարձել ԱՄՆ նախագահի պաշտոնից նրա հեռանալուց հետո։





























