Ռուսաստանի քաղաքացիների՝ դեպի Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 34,1%-ով՝ հասնելով 383,3 հազարի, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության տվյալները։
Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների շարքում զբաղեցրել է ութերորդ տեղը։ Առաջին տասնյակում են նաև Թուրքիան, Չինաստանը, Եգիպտոսը, Աբխազիան, ԱՄԷ-ն, Վիետնամը, Թաիլանդը, Վրաստանը և Ուզբեկստանը։
Ընդհանուր առմամբ, ինը ամսում ռուսաստանցիները զբոսաշրջության նպատակով արտասահման են մեկնել 11,42 միլիոն անգամ՝ 13,7%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում, երբ գրանցվել էր 10,04 միլիոն ուղևորություն։
Պահանջված ուղղությունների թվում զբոսաշրջային հոսքի ամենազգալի աճը գրանցվել է Վիետնամում. այդ երկիր ուղևորությունների թիվն աճել է 3,8 անգամ՝ հասնելով 580 հազարի։ Չինաստանի դեպքում ցուցանիշն աճել է 67%-ով՝ հասնելով 1,61 միլիոնի, Եգիպտոսի դեպքում՝ 30,9%-ով՝ հասնելով 1,5 միլիոնի։
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (АТОР) տվյալներով՝ դեպի Վիետնամ ուղևորությունների թվի աճը կապված է ուղիղ ավիափոխադրումների ծրագրերի ընդլայնման և Չինաստանում տարանցիկ կանգառով թռիչքների հասանելիության մեծացման հետ։ Չինաստանի պահանջվածությանն են նպաստում ռուսաստանցիների համար առանց վիզայի ռեժիմը, երթուղային ցանցի ընդլայնումը և չինական ավիաընկերությունների չվերթների հաճախականության ավելացումը։
Միաժամանակ, դեպի ԱՄԷ զբոսաշրջային հոսքը նվազել է 43,1%-ով՝ կազմելով 646,3 հազար ուղևորություն։ АТОР-ում դա կապում են Մերձավոր Արևելքի ճգնաժամի և ավիահաղորդակցության դանդաղ վերականգնման հետ։ Դեպի Շրի Լանկա ուղևորությունների թիվը նվազել է 26,8%-ով՝ հասնելով 39,5 հազարի, այդ թվում՝ չարտերային ծրագրերի կրճատման և Մերձավոր Արևելքի երկրների տարածքով իրականացվող մատչելի տարանցիկ չվերթների չեղարկման պատճառով։
Ընդհանուր առմամբ, հունվար-սեպտեմբերին ռուսաստանցիները բոլոր նպատակներով արտասահման են մեկնել 25,38 միլիոն անգամ՝ 5,9%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։
Մեկնումների ընդհանուր թվով Հայաստանը նույնպես ընդգրկվել է արտասահմանյան ուղղությունների առաջին տասնյակում. ինը ամսում ռուսաստանցիները երկիր են այցելել 952 հազար անգամ, ինչը 18,1%-ով գերազանցում է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է յոթերորդ տեղը։
Այսպիսով, դեպի Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թվի աճը գրեթե կրկնակի գերազանցել է ռուսաստանցիների՝ երկիր կատարած ուղևորությունների ընդհանուր թվի աճը՝ ներառյալ ոչ զբոսաշրջային նպատակներով ուղևորությունները։





























