ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես դեմ է արտահայտվել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու փորձին։

«Վարչակազմը վճռականորեն դեմ է պատերազմի նախարար Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու մասին այս բանաձևին՝ խարդախ, քաղաքական դրդապատճառներով պայմանավորված փորձին, որն ուղղված է մեր մարտիկների դիրքերը, մեր երկրի Սահմանադրությունն ու մեր ազգային անվտանգությունը խաթարելուն», - ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Վարչակազմում կարծիք են հայտնել, որ այս «իմփիչմենթը, որն ուղղված է քաղաքական հաշիվներ մաքրելուն, խաթարում է ամերիկյան ժողովրդի կամքը»։

Սպիտակ տունն ընդգծել է, որ Հեգսեթն ընդամենը կատարել է հրամաններն ու ռազմական գործողություններ իրականացրել, սակայն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը իրավախախտում չէ, որի համար կարելի է պատասխանատվության ենթարկել։

«Վարչակազմը վճռականորեն դեմ է նախարար Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու մասին այս բանաձևին, քանի որ այն ուղղակիորեն խաթարում է մեր ազգային անվտանգության վերաբերյալ գերագույն գլխավոր հրամանատարի ընդունած որոշումներն ու ամերիկյան ժողովրդի կամքը», - ասված է փաստաթղթում։

Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մեսին նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել է Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթ հայտարարելու մասին բանաձևի նախագիծ։ Նա Հեգսեթին մեղադրում է առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի դեմ պատերազմ վարելու և լիազորությունները չարաշահելու մեջ։

Իմփիչմենթի մասին բանաձևը պետք է քվեարկության դրվի առաջիկա ժամերին։

Այս պահին Ներկայացուցիչների պալատը քվեարկում է հանրապետականների ընթացակարգային առաջարկի շուրջ՝ արգելափակելու Մեսիի՝ իմփիչմենթի մասին բանաձևը։ Որոշումն ընդունելու համար անհրաժեշտ կլինի ձայների պարզ մեծամասնություն։

Եթե առաջարկն ընդունվի, իմփիչմենթի մասին բանաձևը կմերժվի։ Եթե դա չհաջողվի, պալատը ստիպված կլինի քվեարկել իմփիչմենթի մեղադրանքների կետերի շուրջ։