Պենտագոնում հայտարարել են, որ գերատեսչության ղեկավար Փիթ Հեգսեթը լիակատար հաղթանակ է տարել այն բանից հետո, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետականներն արգելափակել են նախարարին իմփիչմենթ հայտարարելու փորձը։

«Իմփիչմենթի այս անհիմն մեղադրանքների փոխանցումը Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով հանձնաժողովին նշանակում է նախարար Հեգսեթի, ռազմական գերատեսչության և ամերիկացի զինծառայողի լիակատար հաղթանակը», - X սոցիալական ցանցում գրել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը։

Նա նշել է, որ այս «շինծու իմփիչմենթին» վերջ է դրվելու։

Մինչդեռ դեմոկրատները քննադատել են պալատում կայացած քվեարկությունը, իսկ նրանցից ոմանք խոստացել են վերսկսել Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու ջանքերը։

Այսպես, օրենսդիր Սիդնի Քամլագեր-Դավը քննադատել է այն գործընկերներին, որոնք չեն կարողացել ներկայանալ և մասնակցել քվեարկությանը. «Ամոթ նրանց, ովքեր այստեղ չեն»։

Մայք Քուիգլին X սոցիալական ցանցում գրել է. «Այս երեկո ես քվեարկեցի Փիթ Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու օգտին։ Թեև այս քվեարկությունը ձախողվեց, իմփիչմենթը տեղի կունենա։ Դա կարող է լինել վաղը, կարող է լինել նաև հունվարին»։

Իր հերթին Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Քրիս Դելուզիոն կոչ է արել Հեգսեթին հրաժարական տալ՝ հայտարարելով, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է նրան իմփիչմենթ հայտարարի, եթե նախագահ Դոնալդ Թրամփը նրան չազատի պաշտոնից։

«Ես լիովին աջակցում եմ ռազմական գերատեսչության ողջ ղեկավարության նկատմամբ հետաքննությանը՝ սկսած Փիթ Հեգսեթից», - X սոցիալական ցանցում գրել է Յասամին Անսարին։

Ավելի վաղ կոնգրեսականները 211 կողմ և 204 դեմ ձայներով աջակցել էին Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթ հայտարարելու բանաձևը պալատի իրավական հարցերով հանձնաժողովին փոխանցելու առաջարկին։ Սա բացառում է Հեգսեթին իմփիչմենթ հայտարարելու փորձերը մինչև Կոնգրեսի հաջորդ գումարումը։

Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մեսին ներկայացրել է Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթ հայտարարելու բանաձևի նախագիծ։ Նա Հեգսեթին մեղադրում է առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի դեմ պատերազմ վարելու և լիազորությունները չարաշահելու մեջ։

Նոր գումարման Կոնգրեսն իր աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարի 3-ին։ Նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով հանրապետականները կորցրել են վերահսկողությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ մի շարք դեպքերում պարտվելով նույնիսկ այն նահանգներում, որտեղ տասնամյակներ շարունակ հաղթել էին։