ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Իրանի սպառնալիքների պատճառով Վաշինգտոնում գտնվող իր տնից տեղափոխվել է ռազմաբազա, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Վերջին շաբաթներին ԱՄՆ պաշտոնյաները եկել են այն եզրակացության, որ ամերիկացի գործող և նախկին պաշտոնյաների դեմ Իրանի դավադրությունը հասել է ավելի առաջադեմ փուլի, նշում է թերթը։
Օգոստոսից ֆինանսների նախարարը գլխավորում է տնտեսական ճնշման արշավը, որն ուղղված է Թեհրանի ֆինանսական մեկուսացմանը։
Պարբերականի զրուցակիցները նշել են, որ այդ դերի պատճառով նա դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի այն պաշտոնյաներից մեկը, որոնց Իրանն ամենաշատն է ցանկանում վնասել։
Սակայն Բեսենթի հասցեին հնչող սպառնալիքների լրջության աստիճանը դեռ պարզ չէ։
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Բեսենթին «չեն կանգնեցնի իրանական ռեժիմի սպառնալիքները»։ Նա հավելել է, որ նախարարը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի տնտեսության վրա ճնշում գործադրելու արշավի իրականացմանը։





























