ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն իր «Խոստացի՛ր ինձ, Ամերիկա» նոր գրքում հրապարակել է Դոնալդ Թրամփի նամակի տեքստը։ Թրամփն այն նրա համար թողել էր Սպիտակ տանը՝ 2021 թվականի հունվարին պաշտոնից հեռանալուց առաջ։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտնել է The New York Times (NYT) թերթը։

«Շատ նախագահներ եկել ու գնացել են՝ պարզապես կառավարելով երկիրը որպես հանրապետականներ կամ դեմոկրատներ։ Նրանք, մեծ հաշվով, չեն փոխել պատմության ընթացքը. նրանց պարզապես տարել է դրա անողոք հոսանքը։ Ձեզ հետ նման բան չի պատահի, քանի որ ես գիտեմ, թե որքան շատ եք սիրում ամերիկացի ժողովրդին», — մեջբերում է թերթը նամակից։

Նամակը գրված էր Սպիտակ տան ձևաթղթի վրա՝ սև մարկերով, և ստորագրված էր Թրամփի կողմից։ Դրանում նա իր հաջորդին հաջողություն էր մաղթել պետության ղեկավարի պաշտոնում։

Ինչպես նշում է NYT-ն, նամակի բովանդակությունը հակասում է Բայդենի և 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Թրամփի հրապարակային հայտարարություններին։ Բայդենն իր գրքում նշել է, որ այնպիսի տպավորություն է ստացել, կարծես գոյություն ունեին «երկու Դոնալդ Թրամփեր»։

Իր նախագահության առաջին շաբաթվա ընթացքում Բայդենը լրագրողներին հայտնել էր, որ Թրամփն իր համար Օվալաձև աշխատասենյակում «շատ մեծահոգի նամակ» էր թողել, սակայն մինչ այժմ հրաժարվում էր բացահայտել դրա բովանդակությունը։