Ստեփանավան համայնքում, այսօր՝ նոյեմբերի 11–ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստն է, որի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության հարցն է։
Նորընտիր ավագանու ներկա 14 անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավարող Արմեն Գրիգորյանը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները նիստին չեն մասնակցել։
Նշենք, որ նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Գևորգյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին Ստեփանավանում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ ՔՊ–ն, «Ուժեղ Հայաստանը», «Գործարար» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։
Մանդատների բաշխվածությունը հետևյալն է՝
Գործարար – 9 մանդատ
Քաղաքացիական պայմանագիր – 8 մանդատ
Ուժեղ Հայաստան – 4 մանդատ։
«Գործարար» կուսակցությունը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։
Ընտրություններից հետո Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը գրառում էր արել՝ նշելով. «Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։ Ընտրական տեխնիկական պահանջների բերումով պրն. Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։
Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։
Ըստ ամենայնի, ՔՊ–ն մոլորեցրել է ընտրողներին՝ հանդես գալով և ՔՊ–ի անունով, և «Գործարար» կուսակցության անունով։



























