Հարավային Կորեայի Սոննամ քաղաքում 33 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է առնվազն 48 մարդ։ Այս մասին նոյեմբերի 11-ին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։

«Բախման հետևանքով տուժել է 48 մարդ, այդ թվում՝ վեցը ստացել են լուրջ վնասվածքներ։ Հաղորդվում է, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում», — ասված է հրապարակման մեջ։

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 07:34-ին։ Ուղևորատար ավտոբուսը բախվել է խաչմերուկում՝ լուսացույցի տակ կանգնած մեքենաներին, ինչից հետո ճեղքել է բաժանարար արգելապատնեշը։

Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի ղեկին եղել է 60-ամյա տղամարդ։ Նա հայտնել է, որ մեքենայի արգելակները խափանվել են։ Արդյունքում ավտոբուսը բախվել է ճանապարհի 100-150 մետրանոց հատվածում գտնվող ևս չորս այլ ավտոբուսի, մեկ բեռնատարի և 27 մարդատար ավտոմեքենայի։

Ոստիկանությունն ստուգում է արգելակման համակարգի անսարքության վարկածը։ Տեղում անցկացված ստուգումը ցույց է տվել, որ վարորդը ալկոհոլ չի օգտագործել։