Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում վերջին հինգ տարվա ընթացքում 87 մարդ է մահացել, որից չորսը՝ այս տարի։ Այս մասին նոյեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ պնդելով, որ իշխանությունները հետևություններ չեն անում։

Պատգամավորի գնահատմամբ՝ երկրում բռնաճնշումները խորանում են։ Դրանց դրսևորումներից մեկը նա համարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետի երկարաձգումը՝ այն որակելով ապօրինի։ «Կալանքը կիրառվում է որոշակի գործողություններ կանխելու համար։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում բոլորն էլ հասկանում են, որ նա հաստատ չէր հեռանալու. հակառակ դեպքում՝ 2018 թվականին, իմանալով հետևանքները, չէր վերադառնա», — նշել է Գրիգորյանը։

Նա ցավակցություն է հայտնել նախօրեին քրեակատարողական հիմնարկում մահացած՝ Ստեփանավանի համայնքապետի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանի ընտանիքին, ընկերներին ու կուսակիցներին։ Գրիգորյանի խոսքով՝ նա իշխանությունների բռնաճնշումների առաջին զոհը չէ։ Այս համատեքստում պատգամավորը հիշեցրել է նաև դատարանի դահլիճում Արմեն Գրիգորյանի մահվան մասին։

«Արսեն Գևորգյանը մահացել է պետության լիակատար վերահսկողության տակ գտնվելու ընթացքում, և նրա մահվան պատասխանատուն պետությունն է։ Ինչո՞ւ տնային կալանք չէին կիրառում», — հարց է բարձրացրել Գրիգորյանը։ Նա նաև պնդել է, թե բոլոր «քաղաքական» գործերով դատավորները բավարարում են կալանավորման միջնորդությունները՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուղիղ ցուցումով։

Պատգամավորի կարծիքով՝ մարդու մահվան համար պատասխանատու է իշխանությունը, սակայն պատասխանատվություն պետք է կրեն նաև կոնկրետ անձինք՝ օրենքի ողջ խստությամբ։

Գրիգորյանն անդրադարձել է նաև քրեակատարողական հիմնարկների պայմաններին՝ մասնավորապես առանձնացնելով «Նուբարաշենը» և «Երևան-Կենտրոնը»։ Նա այդ հիմնարկների պայմանները խայտառակ է որակել և ընդգծել, որ դրանք ընդհանրապես չպետք է գործեն։

«Արսեն Գևորգյանն ընտրություններում թեկնածու էր։ Հետո հարցնում են՝ ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ Տեսե՛ք, թե ինչպիսին են հետևանքները. մի դեպքում Վոլոդյա Գրիգորյանի սպանությունն է, որտեղ նույնպես կար «ՔՊ»-ի հետ կապված քաղաքական ենթատեքստ, մյուս դեպքում՝ կալանավորումը, որից հետո առանց դատավճռի պարզապես «դատում են», պիտակավորում և ուղարկում սարսափելի պայմաններով խուց», — հավելել է Գրիգորյանը։