Հայաստանի բանտերում մարդկանց մահվան դեպքերը հարց են առաջացնում՝ արդյոք երկրում մահապատիժը չի՞ վերականգնվել։ Այս միտքը նոյեմբերի 11-ի մամուլի ասուլիսում արտահայտեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Ստեփանավանում ընտրությունների նախօրեին կալանավորված՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը։ Գևորգյանը նախօրեին մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ենթադրաբար սրտամկանի ինֆարկտից։ Նրա պաշտպանական կողմը պնդում է, որ շտապօգնությանը թույլ են տվել բանտ մտնել միայն Գևորգյանի մահից հետո։
Օրբելյանի խոսքով՝ Գևորգյանի կուսակիցները պնդում են նրա անմեղությունը։ «Ենթադրենք՝ մարդը մեղավոր է, նա պե՞տք է մահանար։ Ի՞նչ է, երկրում մահապատի՞ժն է վերականգնվել», — հարց բարձրացրեց փաստաբանը՝ անդրադառնալով կալանքի անհամաչափ կիրառմանը։
Փաստաբանի գնահատմամբ՝ փորձեր են արվում պատասխանատվությունը ընդհանրացնել և բաժանել տարբեր պաշտոնատար անձանց միջև։ Դատավորը, դատախազն ու քննիչը, նրա խոսքով, կասեն, որ գործը սովորական է, վերաբերում է կոռուպցիային և կապ չունի ընտրությունների հետ։ «Յուրաքանչյուրն ասում է, որ անմեղ է։ Պետությունն է մեղավոր, երբ իր վերահսկողության տակ գտնվող անձը մահանում է», — հայտարարեց Օրբելյանը՝ հիշեցնելով նաև Մհեր Եղիազարյանի մահը։ Նա անդրադարձավ նաև այլ դեպքերի՝ մարդկանց մահը կապելով հետապնդումների և անմեղության կանխավարկածի խախտման հետ։
«Մտածեք՝ ինչ-որ մեկը մեր հարկերից աշխատավարձ է ստանում, որպեսզի մարդկանց մասին զազրախոսություններ գրի. սա ավելի զզվելի է։ Մենք վճարում ենք ֆեյքերի ֆաբրիկաների գոյության համար՝ այլ մարդկանց հետապնդելու նպատակով», — նշեց Օրբելյանը։ Նա հույս հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները հետևողական կլինեն և կվերահսկեն քննության պատշաճ ընթացքը։ Փաստաբանի խոսքով՝ քննությունը պետք է պարզի, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգությունը։





























