Դանիայում հնագետները շուրջ 2500 տարվա վաղեմության պաշտպանական կառույց են հայտնաբերել, որը վկայում է Յուտլանդիա թերակղզու արևմտյան հատվածում նախկինում անհայտ զինված հակամարտությունների մասին, գրում է Popular Mechanics-ը։
Գտածոն փոսերի երկար շարք է, որոնցում, ենթադրաբար, տեղադրված են եղել սրածայր փայտե ցցեր՝ թշնամու ներխուժումից պաշտպանվելու համար։
Museum Vest թանգարանի հնագետները կառույցը հայտնաբերել են Վարդե և Կորսկրո քաղաքների միջև՝ թիվ 11 մայրուղու երկայնքով կատարվող պեղումների ընթացքում։ Հետազոտություններն իրականացվել են մայրուղու ընդլայնումից առաջ։ Գիտնականները հույս ունեին գտնել առանձին առարկաներ և հնագույն բնակավայրերի հետքեր, սակայն չէին սպասում պաշտպանական գծի մնացորդներ հայտնաբերել։
«Գտածոն մեզ համար լիովին անսպասելի էր։ Այն վկայում է Յուտլանդիայի արևմտյան հատվածում նախկինում անհայտ հակամարտությունների մասին, որոնք վերաբերում են երկաթի դարի ամենավաղ շրջանին»,- հայտարարել է թանգարանի համադրող Միքայել Ալրյո Յենսենը։
Հնագետները Շեֆերգորդենի մերձակայքում՝ դաշտի տակ հայտնաբերված կառույցն անվանել են հենասյուների համար նախատեսված փոսերի շարք։ Նրանց գնահատմամբ՝ այն թվագրվում է մոտ մ.թ.ա. 500 թվականով։ Փոսերում կարող էին խրված լինել սրածայր փայտե ցցեր, որոնք պաշտպանական ցցապատ էին կազմում։
«Մեր հիմնական վարկածն այն է, որ մարդիկ վախենում էին հյուսիսից՝ Դրիվվեյ ճանապարհով բանակի ներխուժումից, ուստի փորձում էին վերահսկել և փակել այդ անցումը»,- պարզաբանել է Յենսենը։
Դրիվվեյ ճանապարհը դարեր շարունակ եղել է արևմտյան Յուտլանդիայի կարևորագույն տրանսպորտային ուղին։ Վարդեի և Կորսկրոյի միջև ընկած ժամանակակից թիվ 11 մայրուղին անցնում է մոտավորապես նույն երթուղով։ Թե երբ է առաջացել հնագույն ճանապարհը, առայժմ հայտնի չէ։ Հնագետները ենթադրում են, որ հետագա պեղումները հնարավորություն կընձեռեն պաշտպանական համակարգի գոյության լրացուցիչ վկայություններ հայտնաբերել և պարզել, թե ով է այն կառուցել և ումից է պաշտպանվել։
Առայժմ հետազոտողները չեն կարող որոշել ո՛չ ենթադրյալ հակամարտության մասնակիցներին, ո՛չ ամրությունների կառուցման պատճառները։
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են նաև այլ գտածոներ, որոնք վկայում են տարածաշրջանի բնակեցման բազմահազարամյա պատմության մասին։ Գիտնականները հայտնաբերել են մարդկային գործունեության հետքեր՝ սկսած քարե դարի առաջին երկրագործական համայնքներից, որոնց ներկայացուցիչները հանգուցյալներին թաղում էին փոքր դամբանաթմբերում, մինչև վիկինգների դարաշրջանը։ Գտածոների թվում է շուրջ 4500 տարվա վաղեմության մարտական կացին, որը հայտնաբերվել է քարե դարի մարտիկի մնացորդների կողքին։
«Ամենից շատ մեզ ոգևորում է այն, որ համեմատաբար փոքր տարածքում այդքան տարբեր դարաշրջանների հետքեր ենք հայտնաբերել։ Մենք հանկարծ բազմաթիվ նոր վկայություններ ստացանք, որոնք օգնում են շատ ավելի լավ հասկանալ, թե ինչպես են մարդիկ ապրել և տեղաշարժվել այս տարածաշրջանում մի քանի հազարամյակների ընթացքում»,- նշել է Յենսենը։
Museum Vest-ում հույս ունեն շարունակել հետազոտությունները, ներառյալ՝ այլ դամբանաթմբերի պեղումները։ Հնագետները հույս ունեն վերականգնել տարածաշրջանի պատմության ավելի ամբողջական պատկերը՝ առաջին գյուղատնտեսական հողատարածքներից մինչև գյուղերի ձևավորումն ու հնագույն տրանսպորտային ուղիների զարգացումը։




























