ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի՝ Իռլանդիա կատարած այցի ընթացքում Դուբլինում ցուցարարները նրա վրա կաթի փաթեթներ են նետել, հայտնում է The Telegraph թերթը։

Ըստ պարբերականի՝ միջադեպը գրանցվել է երեքշաբթի, երբ Բայդենն այցելել էր Դուբլինի Թրինիթի քոլեջ։ ԱՄՆ նախկին նախագահն այնտեղ ներկա էր միջոցառմանը, որի ընթացքում նրա որդին՝ Հանթեր Բայդենը, հանրային խոսույթում ունեցած ավանդի համար պարգևատրվում էր քոլեջի Պատմական ընկերության ոսկե մեդալով։ Այդ ընթացքում շենքի մոտ հավաքված պաղեստինամետ ցուցարարները կաթ և այլ իրեր են նետել Բայդենի վրա։

«Դուբլինում ակտիվիստները բախվել են Ջո Բայդենի հետ և կաթի տոպրակներ նետել նրա վրա»,– ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ բողոքի ակցիայի ընթացքում հնչել են «Ձեր ձեռքերին արյուն կա», «Ամո՛թ ձեզ» և «Ցեղասպան Ջո» կարգախոսները։ Դեպքի վայրում ոստիկաններ են եղել։ Առնվազն երկու մարդու նկատմամբ պղպեղային սփրեյ է կիրառվել, որից հետո նրանք ձերբակալվել են։