Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում։ Այս մասին նոյեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Օրբելյանի խոսքով՝ պաշտպանական կողմը պնդել է, որ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննվի դռնբաց նիստում, սակայն դատարանը մերժել է այդ պահանջը՝ պատճառաբանելով, որ քննություն է ընթանում։ Փաստաբանը նշել է, որ դրվագների մեծ մասով դատարանը հիմնավոր կասկած չի արձանագրել, իսկ մի քանի դրվագով գտել է, որ պաշտպանական կողմը հերքում չի ներկայացրել։ Օրբելյանը շեշտել է, որ անմեղության կանխավարկածն այդպես չի գործում․ մեղավորությունը հիմնավորելու պարտականությունը մեղադրող կողմինն է, ոչ թե պաշտպանական կողմինը՝ անմեղությունն ապացուցելը։
Անդրադառնալով քննչական խմբի գործունեության արդյունավետությանը՝ Օրբելյանը հայտնել է, որ խմբում ընդգրկված է ավելի քան 60 քննիչ, որոնցից 41-ը մասնակցել է քննչական գործողություններին։ Ընդհանուր առմամբ կատարվել է 95 գործողություն։ Ամենաշատ գործողություններ կատարած քննիչն իրականացրել է դրանցից 11-ը։
«Եղել են գործողություններ, որոնք տևել են 3 րոպե։ Նկարագրվածից պարզ է, որ խոսքը քաղաքական նկատառումներով կալանքը որպես պատիժ կիրառելու մասին է», — նշել է փաստաբանը։ Նա հավելել է, որ ԵԽԽՎ-ն արձանագրել է՝ ընտրություններն ուղեկցվել են հետապնդումներով և քրեական պատժի ակտիվ կիրառմամբ։ Օրբելյանի պնդմամբ՝ Քոչարյանի կալանավորումն անմիջական առնչություն ունի ընտրական գործընթացների հետ։
Փաստաբանը հայտնել է, որ պաշտպանական կողմն ակնկալում է՝ Վերաքննիչ դատարանը սեղմ ժամկետներում կքննի բողոքը և կբեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։





























