Իտալական Maserati ավտոարտադրողը մուտք է գործում բնակելի անշարժ գույքի շուկա. ընկերությունը Դուբայի Samana Collecta կառուցապատողի հետ համատեղ ներկայացրել է Maserati Island նախագիծը՝ բնակելի համալիր Դուբայի ափերին մերձ The World Islands արհեստական կղզեխմբում, գրում է Motor 1-ը։

Նախագծով նախատեսվում է կառուցել բրենդային 840 բնակարան և ինը առանձնատուն։ Առաջին տները նախատեսվում է շահագործման հանձնել 2030 թվականին։

Նախագծի շնորհանդեսը տեղի է ունեցել 2026 թվականի նոյեմբերի 9-ին։ Maserati-ի համար սա առաջին քայլն է ամբողջ տարվա ընթացքում բնակության համար նախատեսված անշարժ գույքի հատվածում։

Ներկայացված ծրագրով՝ համալիրը կներառի երեք տեսակի կացարան՝ ստանդարտ բրենդային բնակարաններ, ջրի վրա կառուցված յոթ առանձնատուն և ծառերի մեջ տեղակայված երկու առանձնատուն։ Առաջին փուլով նախատեսվում է կառուցել սեփական լողավազաններով 232 բնակարան՝ ստուդիաներից մինչև չորս ննջասենյակով բնակարաններ։

Նախագիծը շեշտադրում է դեպի ծով և ծովալճակ բացվող տեսարանները. շենքերում նախատեսված են մեծ պատուհաններ և բաց հատակագծեր։ Ինտերիերները կկահավորվեն Giorgetti Maserati Edition հավաքածուի կահույքով, որը ստեղծվել է երկու բրենդի՝ 2025 թվականին սկսված համագործակցության շրջանակում։

«Maserati Island-ով մենք կարևոր քայլ ենք արել Casa Maserati-ից սկսված ճանապարհին՝ իտալական շքեղության մասին մեր պատկերացումը վերածելով բացառիկ կենսակերպի»,- հայտարարել է Alfa Romeo-ի և Maserati-ի գլխավոր տնօրեն Սանտո Ֆիչիլին։

Բնակելի շենքերից բացի, կղզում նախատեսվում է ստեղծել կենտրոնական ծովալճակ, մասնավոր լողափեր, լողափնյա ակումբ, առողջարարական և ֆիթնես կենտրոններ, ջրային մարզաձևերի համար նախատեսված նավահանգիստ և լողացող իտալական ռեստորան։ Հեռավար աշխատող բնակիչների համար նախատեսված կլինի գերարագ ինտերնետով համատեղ աշխատանքային տարածք։

Դուբայի մայրցամաքային հատված հնարավոր կլինի հասնել մաքոքային զբոսանավով, որը, Samana-ի ծրագրերի համաձայն, կմեկնի յուրաքանչյուր 30 րոպեն մեկ։ Մայրցամաքում ուղևորների նստեցման վայրերը դեռ չեն հայտարարվել։

Samana Developers-ի գլխավոր տնօրեն Իմրան Ֆարուքը գործընկերությունը կարևոր հանգրվան է անվանել ոչ միայն ընկերության, այլև Դուբայի բարձրակարգ անշարժ գույքի շուկայի համար։ Maserati-ի մարքեթինգի տնօրեն Կրիստիանո Ֆիորիոն նախագծի մեկնարկը կապել է իտալական բրենդի խորհրդանիշի՝ հանրահայտ եռաժանու հարյուրամյակի հետ։

Բնակարանների գներն ու վաճառքի մեկնարկի ժամկետները դեռ չեն հրապարակվում։ Անշարժ գույքը սեփականատերերին հանձնելու գործընթացը պետք է սկսվի 2030 թվականին։

Maserati Island-ը շարունակում է բրենդի ընդլայնման ռազմավարությունն ավտոմոբիլային շուկայից դուրս՝ անշարժ գույքի, հյուրընկալության և շքեղ կենսակերպի համար նախատեսված ապրանքների ոլորտներում։ Այժմ ընկերությունը հույս ունի, որ գնորդները պատրաստ կլինեն վճարելու իր անվան համար ոչ միայն ավտոմեքենա ընտրելիս, այլև տուն գնելիս։