ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի ընտանիքի ինը անդամ միացել է Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի նախաձեռնած հաղթական կամարի կառուցման դեմ ներկայացված դատական հայցին, գրում է The New York Times-ը։

Նախագծի համաձայն՝ 76 մետր բարձրությամբ կամարը կզարդարեն հրեշտակների ոսկե քանդակներ, որոնցից մեկը ձեռքին կպահի անմար կրակով ջահը։ Թրամփը նախատեսում է կամարը կառուցել Լինքոլնի հուշահամալիրի և Արլինգթոնի գերեզմանատան միջև։ Գերեզմանատանն ամփոփված են ամերիկացի զինվորականներ, ինչպես նաև Ջոն Քենեդին, նրա եղբայրներ Ռոբերտն ու Էդվարդը և ընտանիքի այլ անդամներ։

Քենեդիների ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ կամարը կխաթարի «տեսադաշտի այն առանցքը, որը մտահղացվել էր որպես Քաղաքացիական պատերազմից հետո երկրի միավորման խորհրդանիշ և գոյություն է ունեցել գրեթե մեկ դար»։ Ընտանիքի անդամների պնդմամբ՝ այն նաև ստվեր կգցի նախկին նախագահի հարազատների և «երկրի համար իրենց կյանքը զոհած զինվորականների» շիրիմներին։

Նախագիծն արդեն հավանության է արժանացել Թրամփին հավատարիմ ԱՄՆ մայրաքաղաքի պլանավորման ազգային հանձնաժողովի կողմից։ Կամարի կառուցմանը դեմ են արտահայտվել վետերանները, պատմաբաններն ու տեղական իշխանությունները։

Նոյեմբերի 6-ին դաշնային դատավոր Տանյա Չատկանն արգելափակել է շինարարության մեկնարկը։ Շինարարությունը կասեցվել է 14 օրով․ այդ ընթացքում դատարանները պետք է քննեն նախագծի դեմ ներկայացված հայցերը։