2027 թվականին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կանխատեսվում է 13 տրլն 614 մլրդ դրամի մակարդակում։ Այս մասին նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշն ակնհայտ բարելավում է նախորդ կանխատեսումների համեմատ։

«Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3 տրլն 604 մլրդ դրամ, ինչը համապատասխանում է ՀՆԱ-ի 26,5%-ին։ Ընդ որում, հարկային մուտքերը կկազմեն 3 տրլն 463 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 25,4%-ը»,– ասել է Հովհաննիսյանը։

Ուժային կառույցների ծախսերը կկազմեն 835 մլրդ դրամ՝ աճելով 13%-ով։ Տնտեսական ոլորտին նախատեսվում է հատկացնել 496 մլրդ դրամ՝ 2026 թվականի համեմատ 10%-ով ավելի։ Սոցիալական ոլորտին կհատկացվի 1 տրլն 868 մլրդ դրամ՝ 15% աճով։

Պետական բյուջեի նախագծում ներառված չէ Հայաստան մատակարարվող գազի գնի բարձրացման սցենարը։ Նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի հաջորդ շաբաթ։