Ուկրաինան մերժել է Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու նպատակով Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները վերանայելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը, գրում է The Telegraph-ը։ Կարգավորման գործընթացը փակուղի է մտել Դոնբասում շուրջ 5,2 հազար կմ² տարածք Ռուսաստանին հանձնելու՝ Մոսկվայի պահանջի պատճառով։ Այդ տարածքները ռուսական բանակը չի կարողացել գրավել գրեթե հինգ տարվա մարտական գործողությունների ընթացքում։ Վաշինգտոնն առաջարկում էր դիմել քարտեզագրական հնարքի՝ սահմաններն այնպես փոխել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարողանա հայտարարել երկու մարզերի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին՝ առանց ռազմաճակատում իրական հաղթանակների։
Նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում կայացած բանակցություններից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատերազմի ավարտից հետո Ուկրաինան «մի փոքր այլ տեսք» կունենա։ Ամերիկացի պաշտոնյաները նաև ակնարկում էին, որ Կիևը ոչ հրապարակային քննարկումներում ընդունել է այս հարցում փոխզիջման հնարավորությունը։ Սակայն բանակցություններին մոտ կանգնած ուկրաինական աղբյուրը պարբերականին հայտնել է, որ երկրի պատվիրակությունը «երբեք չի քննարկել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների վերաբերյալ որևէ զիջում»։ «Ուկրաինան երբեք չի ճանաչի դա՝ ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե։ Եվ բանակցությունների սեղանի շուրջ մեր դիրքորոշումը միշտ այսպիսին է եղել», — ընդգծել է նա։
Երեքշաբթի Ուկրաինան և Ռուսաստանը իննամսյա ընդմիջումից հետո վերսկսել են ուղիղ բանակցությունները։ Հանդիպումն անցել է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների միջնորդությամբ։ Քանի որ տարածքային հարցի քննարկման հնարավորությունները սահմանափակ էին, ամերիկյան կողմը կենտրոնացել է պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա։ Հրադադարի հասնելու դեպքում այդ երաշխիքները պետք է կանխեն մարտական գործողությունների վերսկսումը։ Հանդիպման արդյունքներն ամփոփելիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունները բնութագրել է որպես «կառուցողական և բավական բովանդակալից»։





























