Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի բացառում Սիրիայում ռազմական գործողությունների անցկացումը: Բայց այն հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ:
Մայիսի 29-ի երեկոյան France 2 հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալով` նա հայտարարել է, որ ռազմական գործողությունը չի բացառվում այն դեպքում, եթե այն իրագործվի միջազգային իրավունքի պահպանմամբ, այսինքն ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշման դեպքում, իսկ դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի եւ Չինաստանի համաձայնությունը:
«Բայց նաեւ պետք է գտնել այնպիսի որոշում, որը պարտադիր չէ, որ ռազմական լինի: Դրա համար այսօրվանից պետք է ճնշում գործադրել` Բաշար Ասադի վարչակարգը արտաքսելու համար, մեզ այլ որոշում է պետք: Այդ պատճառով էլ հուլիսի սկզբին ես Սիրիայի ընկերների կոնֆերանս կգումարեմ», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդում է «utro.ru»-ն:
Ինչպես նշում է «Ռոսիյսկայա գազետան», այդ հարցը Ֆրանսիայի նախագահը կքննարկի Վլադիմիր Պուտինի հետ, որը հունիսի 1-ին այցով Փարիզ կժամանի:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը հասկացնել է տալիս, որ մտադիր են հասնել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի ընդունմանը, որոնք իրավունք են տալիս ուժ կիրառել սիրիական վարչակարգի դեմ: Այդ մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Ինչպես մեկ ամիս առաջ ասել էր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, այժմ մենք իրավունք ունենք վերադառնալ ՄԱԿ-ի կանոնակարգի 7-րդ գլխի բանաձեւի կիրառմանը», - ասել է նա:
Ինչպես հստակեցնում է «gazeta.ru»-ն, ՄԱԿ-ի Կանոնակարգի 7-րդ հոդվածը նախատեսում է ուժի կիրառման հնարավորություն խաղաղության սպառնալիքի դեպքում:
Հիշեցնենք, որ Արեւմուտքի մի շարք երկրներ հետ են կանչել իրենց դեսպաններին Սիրիայից` Հուլայի ողբերգության հետ կապված:
Մայիսի 29-ին Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը երկրի նախագահ Բաշար Ասադին լուրջ մտավախություն է հայտնել Հուլայում զանգվածային սպանությունների կապակցությամբ:




























