Թոշակառուներն ու ուսուցիչներն իրենց մաշկի վրա կզգան Հայաստանի իշխանությունների արկածախնդիր քաղաքականության հետևանքները։ Այս մասին նոյեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Հայաստանի իշխանություններն արկածախնդիր քաղաքականություն են վարում ԵՄ անդամակցության հարցում։ Նույնպիսի քաղաքականություն էր վարվում նաև Արցախի հարցով», — նշել է պատգամավորը։ Գրիգորյանի գնահատմամբ՝ Հայաստանը չի դառնա Եվրամիության անդամ, քանի որ անդամակցության հեռանկար չկա, իսկ ԵՄ-ն ինքն էլ ընդլայնման հետ կապված խնդիրներ ունի։ Նա նաև մատնանշել է ԵՄ երկրներում հնարավոր իշխանափոխությունների ազդեցությունը։ «Այսինքն՝ բուն ԵՄ-ում մեծ խնդիրներ կան, և այնտեղ քեզ առանձնապես չեն սպասում։ Ընդ որում՝ դու կորցնում ես ԵԱՏՄ շուկաները», — ասել է Գրիգորյանը՝ հիշեցնելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին վերջերս հրապարակված զեկույցը։
Գրիգորյանն անդրադարձել է նաև պաշտոնյաների աշխատավարձերի սպասվող բարձրացմանը՝ ընդգծելով, որ իշխանությունների քաղաքականության հետևանքները կրելու են քաղաքացիները։ Նրա խոսքով՝ գազի հնարավոր թանկացումը պաշտոնյաների համար զգալի չի լինի, մինչդեռ թոշակառուները, ուսուցիչներն ու մյուս շարքային քաղաքացիները դա լիովին կզգան։
Նույն խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը, մեկնաբանելով իշխանությունների պնդումները, թե ԵՄ-ից ազդակներ են գալիս, նշել է, որ Վրաստանն ու Մոլդովան ավելի շատ ազդակներ էին ստանում, և հարցրել՝ ո՞րն է արդյունքը։ Խաչատրյանի գնահատմամբ՝ Վրաստանը հասկացել է, որ ԵՄ անդամ չի դառնալու, սակայն արդեն կորցրել է Ռուսաստանի հետ հարաբերություններն ու ռուսական շուկան և այժմ սկսել է կարգավորել այդ հարաբերությունները։
«Կարծում եմ՝ մենք Եվրամիությանը պետք ենք միայն այնքանով, որքանով կարող ենք վնաս հասցնել Ռուսաստանին», — եզրափակել է Խաչատրյանը։





























