Եվրոպական երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն «իրեն կորցրած Թուրքիային» սանձելու համար: Այդ մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը` խոսելով «Մավի Մարմարա» նավի գրավման գործով իսրայելցի գեներալների դեմ ներկայացված  մեղադրական եզրակացության մասին:

Լիբերմանը հայտարարել է, որ  թուրքական կողմը խախտում է միջազգային իրավունքի բոլոր  նորմերը: Ընդ որում, Իսրայելն իրեն զուսպ է պահում եւ չի արձագանքում թուրքական կողմի հարձակումներին: Սակայն, նշել է նախարարը,  զսպվածությունը դեռեւս չի խոսում այն մասին, որ իսրայելական ղեկավարությունը թույլ կտա սպառնալ իրենց առաջադրանքը կատարող  զինվորներին եւ սպաներին,  հայտնում է NEWSru.co.il-ը:

Լիբերմանն ընդգծել է, որ Իսրայելը չի զիջի սադրանքներին հանուն տարածաշրջանում կայունությունը պահպանելու:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, թուրքական դատարանը իսրայելցի  բարձրաստիճան 4 պաշտոնյաների դեմ հայցին ընթացք է տվել, որոնք հրահանգներ էին տվել  «Ազատության նավատորմ» գործողության ընթացքում:  Իսրայելցիներին կանխամտածված սպանության մեղադրանքներ են ներկայացվել: 

Մեղադրանքներ են ներկայացվել ՑԱԽԱԼ-ի գլխավոր գրասենյակի նախկին ղեկավար Գաբի Աշքենազիին,  Իսրայելի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար  Էլիէզեր  Մարոմին, ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինին, ռազմաօդային ուժերի հետախուզության նախկին ղեկավար Ավիշայ Լեւիին: Մեղադրյալներից յուրաքանչյուրին սպառնում է 18032 տարվա ազատազրկում:

«Ազատության նավատորմը» Իսրայելի ռազմածովային ուժերը զավթել էին  Միջերկրական ծովում` 2010 թվականի մայիսի 31-ի գիշերը: Գործողության ընթացքում զոհվել էին Թուրքիայի 9 քաղաքացիներ, տասնյակ մարդիկ վիրավորվել էին, հարյուրավորները հայտնվել ճաղերի հետեւում եւ ավելի ուշ արտաքսվել:  Վնասվածքներ էին ստացել նաեւ իսրայելցի  7 հրամանատարներ: